Search
Close this search box.

Շևչենկոյի անվան դպրոցի մանկավարժներ պահանջում են տնօրենի հրաժարականը

Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ մանկավարժներ հոկտեմբերի 1-ին դասադուլ են հայտարարել՝ տնօրենի հրաժարականի պահանջով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը:

«Երևանի Շևչենկոյի անվան թ.42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ.Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաև դպրոցի 23 մանկավարժներից 9-ը այս պահին տեղեկացրեցին, որ դասադուլ են հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով, ում նկատմամբ առկա է հարուցված քրեական գործ ու նա շարունակում է պաշտոնավարել և բնականաբար խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը»,-գրել է նա:

Բախշյանը տեղեկացրել է, որ դպրոցի արհկոմի նախագահը սեպտեմբերի 29-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ արհկոմի 9 անդամներ ուրբաթ օրը նրան ներկայացրել են դասադուլ սկսելու մասին դիմում:

«Այս փաստը վերջնականապես լցրել է մանկավարժների համբերության բաժակն ու նրանք սկսել են դասադուլը: Խնդրում եմ ականջալուր լինել մանկավարժների արդարացի պահանջներին»,-նշված է գրառման մեջ: