Search
Close this search box.

«Փյունիկ»-ը հայտարարություն է տարածել

Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր հայտարարություն է տարածել,

«Հարգելի ֆուտբոլասերներ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներ, ինչպես գիտեք, 2017 թվականի ամռանը փոխվեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը։ Նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանի առաջնային ծրագրերից մեկն էր կառուցել ուժեղ թիմ՝ նոր փիլիսոփայությամբ և նպատակներով։ Որոշվեց նոր մրցաշրջանից փոխել նաև թիմի անվանումը: Բոլոր քննարկվող անվանումներից ընտրվեց «Երևան»-ը, քանի որ հետագա հաջողությունները կարող էին լավ գովազդ հանդիսանալ մեր քաղաքի համար, ինչպես նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անցյալի շատ էջեր կցանկանայինք, որ այլևս չհիշատակվեին ու չասոցացվեին թիմի ներկայի հետ:
Ինչպես գիտեք, մենք հայտարարեցինք անվանափոխման մասին, որից հետո, սակայն, շատ արագ կերպով վերաբացվեց «Երևան» ակումբը, և մենք չկարողացանք նոր մրցաշրջանը սկսել նոր անունով: Հետո եղան հաջող մրցելույթներ Եվրոպայի լիգայում, որտեղ մեր թիմը ձեռք բերեց բազմաթիվ նոր երկրագուներ ու վստահ ենք, որ կարողացավ ուրախացնել բազմաթիվ հայ ֆուտբոլասերների:
Եվ կրկին մեր առջև կանգնեց անվանափոխման հարցը: Մենք, իհարկե, հաշվի ենք առնում բոլոր կարծիքները, «այո»-ներն ու «ոչ»-երը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցը տվել է բազմաթիվ ֆուտբոլային աստղեր՝ Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան, Ռոբերտ Արզումանյան և շատ այլ տաղանդավոր ֆուտբոլիստներ:
Մեր ֆեյսբուքյան էջում անցկացված հարցման արդյունքում քվեարկողների 64 տոկոսը քվեարկեց «Փյունիկ» անունը պահպանելու, 36 տոկոսը` անվանափոխելու օգտին:
Քանի որ մենք խաղում ենք մեր երկրպագուների համար և անչափ գնահատում ձեր նվիրումն ու կարծիքները, ապա, հաշվի նստելով ձեր կարծիքների հետ, հայտարարում ենք, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը չի անվանափոխվի ու կպահպանի իր անվանումը և առասպելական փյունիկ թռչնի պես կվերածնվի ու կսկսի իր նոր պատմությունը:
«Փյունիկ»-ի ղեկավարության համար առաջնային նպատակներ են մնում ստեղծել ուժեղ թիմ, որը եվրոպական մրցասպարեզներում կլինի մրցունակ, ուժեղացնել «Փյունիկ»-ի մանկապատանեկան դպրոցը, որտեղից դուրս կգան նորանոր տաղանդներ:
Առաջիկայում ձեր դատին կներկայացնենք նաև մեր նոր տարբերանշանը, որը կհամապատասխանի «Փյունիկ» անվանմանը:
Շնորհակալ ենք ձեր բոլոր կարծիքների ու բարեմաղթանքների համար:
Հավատում ենք, որ հայկական ֆուտբոլում նոր փայլուն էջ է սկսվում, ու մենք միասին դեռ կտոնենք շատ հաղթանակներ»,- նշված է հայտարարության մեջ: