Search
Close this search box.

Արտաշատի պահածոների գործարանում ժամանակից սարքավորումներով նոր արտադրամաս է բացվել

Արտաշատի պահածոների գործարանում, որը պատկանում է «Արտֆուդ» ընկերությանը, 2018թ-ի ընթացքում արդիականացման համար ներդրվել է 3,5 միլիոն դոլար։ Աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց գործարանի՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասի բացմանը, ծանոթացավ աշխատանքի ընթացքին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց գործարանի տնօրեն Վաչագան Կարապետյանը։ Նրա խոսքով՝ շահագործման է հանձնվել  լոլիկի վերամշակման համար նախատեսված իտալական արտադրության Cavalieri սարքավորումը։

«Սա եզակի տեխնոլոգիա է, որը միակ նման հոսքագիծն է ԵԱՏՄ-ում: Գործարանի արդիականացումը նպաստում է արտադրության ավտոմատացմանը, արտադրանքի ծավալի և տեսականու մեծացմանը, ինչպես նաև արտադրանքի որակի բարձրացմանը», ասաց նա։

Կարապետյանը նաև նշեց, որ այս տարի ընկերության աշխատակիցների քանակը աճել է 25 տոկոսով: «Ներկայումս «Արտֆուդ» ընկերությունն ունի ավելի քան 1000 աշխատակից,  սերտորեն համագործակցում է փոքր և միջին բիզնեսի հետ: Այս տարի գյուղատնտեսական հումքի մթերումը կրկնապատկվել է՝ անցնելով 2 միլիարդ դրամից: Գործարանը համարվում է հուսալի գործընկեր ավելի քան 2000 մատակարարների համար», ասաց նա։

Առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունը ծրագրում է զարգացնել աշխատանքը 4  հիմնական ուղղություններով՝ արտադրության հաշվին կրկնապատկել արտադրության աճը, արտահանման ծավալներն ավելացնել 3,5  անգամ, ապահովել նոր արտադրատեսակի ստեղծում և արտահանում: