Search
Close this search box.

Փաշինյանը չի լրացնի լեգիտիմության բացը. նա գնում է ՀՀԿ ճանապարհով

Ըստ մամուլի հրապարակումների վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նոյեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել, իսկ խորհրդարանը լուծարելու համար մտադիր է օգտվել սահմանադրական այն նորմից, որ խորհրդարանի կողմից երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում այն ինքնալուծարվում է: Ըստ այդմ Փաշինյանը հրաժարվել է սահմանադրական փոփոխություններ անցկացնելու ավելի վաղ արտահայտած գաղափարից, և մտադիր է հրաժարական ներկայացնել վարչապետի պաշտոնից, ու թույլ չտալ, որ խորհրդարանը նոր վարչապետ ընտրի:

Փաշինյանը չի էլ թաքցնում, որ հիմա իր իշխանությունը լեգիտիմության լուրջ դեֆիցիտ ունի, այսինքն հայտնի չէ, թե հասարակության որ մասն է աջակցում նրա իշխանությանը: Նա համարում է, որ Երևանի ավագանու ընտրությունները կարող են լրացնել այդ բացը, և եթե իր ղեկավարած կուսակցությանը հաջողվի ստանալ երևանցիների մեծամասնության աջակցությունը, ինքը կստանա ընտրողների մանդատը հայտարարելու, որ գործող խորհրդարանը իր քաղաքական կազմով չի արտահայտում հանրային տրամադրությունները: Սա իսկապես այդպես է, միայն թե այն դեպքում, եթե Փաշինյանը և իր թիմը գործի չդնեին վարչական ռեսուրսը, այսինքն ընտրությունները լինեին հավասար մրցակցային պայմաններով, բոլոր քաղաքական ուժերի համար: Մինչդեռ Փաշինյանն ու իր թիմը իրենց գործողություններով արդեն իսկ կասկածի տակ են դնում ընտրությունների արդարությունը և հիմա արդեն կարելի է ասել, որ հրապարակված արդյունքները չեն կարող արտահայտել հանրային տրամադրություններն ամբողջությամբ:

Նախ սկսենք նրանից, որ Փաշինյանի իշխանությունը օգտագործելով բիրտ ուժն ու ոստիկանական մեթոդները փորձում է վախի ու սարսափի մեջ պահել ընդդիմադիր թեկնածուներին: Բարգավաճ Հայաստան կուսակցության Երևանի ավագանու թեկնածուին և նրա ընկերոջը բերման ենթարկելը, ապա ոստիկանության բաժին տանելը ոստիկանական տեռորի ամենատիպիկ օրինակ է:  Ընդ որում թեկնածուին ոստիկանական բաժին են տարել անմիջապես քարոզարշավից հետո, հասկացնելով թե ինչ հետևանքներ դա կարող է առաջացնել քաղաքական ակտիվությունը: Թեկնածուները և նրանց թիմի անդամները բազմաթիվ տեղեկություններ են տարածում, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնյանները, այդ թվում նախարարները ուղղորդում են իրենց ենթականերին զբաղվել քարոզչությամբ, կամ հակաքարոզչությամբ, աշխատանքի ժամանակ իրենց բուն պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվել սոցիալական ցանցերում հայհոյանք ու վիրավորանք պարունակող տարբեր մեկնաբանություններ գրելով ու տարածելով:

Ընտրությունների և դրանց արդյունքների նկատմամաբ վստահությունը կարող է նվազել, ոչ միայն վարչական ռեսուրսի չարաշահմամբ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ընտրական համակարգը երբեք չի փայլել իր կատարելությամբ, և ընտրողները յուրաքանչյուր ընտրությունից հետո զարմացել են, թե աճպարարության ինչ հնարքներ է օգտագործում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, երբ իրենք քվեարկում են մի թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին, իսկ քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվում բոլորովին այլ ուժ: Այդ ընտրական համակարգը գոյություն ունի նաև այսօր, և այդ ընտրական հանձնաժողովների կողմից հայտարարված արդյունքները չեն կարող վստահություն ներշնչել, և որևէ քաղաքական ուժի անկախ իր ստացած ձայների թվից օժտել հանրային լեգիտիմությամբ: Այդ հանձնաժողովները մեկ տարի առաջ կեղծում էին ՀՀԿ-ի համար, իսկ հիմա կեղծելու են Քաղաքացիական պայմանագրի համար: Այնպես որ ինչպես նախորդ ընտրություններում մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն չի կարող խոսել լեգիտիմությունից, այնպես էլ ներկա իշխանությունը, օգտագործելով վարչական լծակներն ու ընտրակեղծարարության մեխանիզմները չի կարող խոսել հանրության աջակցությունը ունենալու մասին, անկախ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարած թվերից: