Search
Close this search box.

Հեղափոխությունը դեռ ավարտված չէ. զրույց թավշյա աղջկա հետ

Արփին մի թավշյա աղջիկ է, կենսախինդ, նպատակասլաց, տոկուն: Գիտի ինքը ով է, ուր է գնում, ինչ է ուզում այս կյանքից և ինչ պիտի ներդնի՝ իր ուզածին հասնելու համար: Նա՝ ազատատենչ ու գործուն մասինիկը մեր երկրի, ասելու, պատմելու շատ բան ունի…

«Ես ունեմ մենակ մնալու վայրեր: Հատկապես շատ եմ սիրում այն վայրերը, որտեղից ամբողջ քաղաքն է երևում, կասկադում տանիք կա՝ էդտեղ եմ հաճախ լինում, մոնումենտում կիսակառույց կա, որտեղից վայելում եմ քաղաքի գեղեցկությունը, լույսերը, հեղափոխության շունչը, հատկապես առավոտյան ու երեկոյան ժամերին. հիմնականում մենակ եմ վայելում»:

Երազելու, մտորելու վայրեր… 19 տարեկան բարակ-մարակ, սիրունիկ աղջնակին պետք է որ հատուկ լինի առանձնանալն էլ, երազելն էլ. պարզվում է, որ նրա երազանքների առաջին հորիզոնականում ամենևին էլ անձնականը չէ, ինչն ավելի սպասելի էր.

«Իմ ամենամեծ երազանքը մեր երկրի տարբեր ոլորտներում շոշափելի արդյունքներ տեսնելն է, որ իմանանք՝ ինչի համար դուրս ենք եկել փողոց, պայքարել, դա իր պտուղները տվել է: Հեղափոխությունը ավարտված համարել չենք կարող, դեռ ընթացք ենք ապրում, դրա համար պետք է ունենանք համբերատարություն, ինքներս էլ աշխատենք, ոչ թե նստենք սպասենք, թե կառավարությունն ինչ կորոշի, այլ ինքներս մեր տեղում անենք այն, ինչ կարող ենք:     

Տեսնելով որևէ անարդարություն՝ եթե գնանք ու կանխենք դա հենց տեղում, արդեն արդյունքներ կգրանցենք հետագայի համար: Իրավիճակը ոչ թե փոխվել է, այլ դեռ փոխվում է ու կփոխվի:

Ամենակարևորը՝ կուզեի մարդկանց արժեհամակարգի փոփոխությունը տեսնել, այսինքն՝ եթե չփոխվեն մշակույթն ու արժեքները, մենք սա հեղափոխություն անվանել չենք կարող: Ներկայիս անձապաշտության այս էյֆորիկ վիճակը պետք է հանդարտվի ու քայլ առ քայլ գնանք դեպի քաղաքացիական գիտակցության բարձրացում»:

Տնտեսագիտական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհին հպարտ է թավշյա հեղափոխությանն իր ակտիվ մասնակցությամբ: Հատկապես մարտի 24-ից ոչ մի երթ բաց չի թողել. դասերից բացակայելով, համալսարանից ահազանգեր ստանալով, քննություններին չներկայանալով ու վերաքննության մնալով, ոստիկանների կողմից ձերբակալվելով՝ իր ուսանող պայքարող ընկերներների հետ ամեն օր արել է իր քայլը:

«Յուրաքանչյուր մարդ պետք է տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում շուրջը, ինչի համար է պետք պայքարել, ինչ նպատակ է հետապնդում, հետո նոր միայն մտնի այդ պայքարի մեջ:

Քանի որ ես մասնագիտությամբ ֆինանսիստ եմ, գնացել էի ֆինանսների նախարարություն պրակտիկայի: Այդ ժամանակ ավելի լայն պատկերացում կազմեցի մեր երկրի ֆինանսական վիճակի մասին: Ահռելի է մեր պետական պարտքի մակարդակը. կարող էինք արդեն հայտնվել Հունաստանի կարգավիճակում, եթե ոչինչ չձեռնարկվեր: Հուսամ՝ հակակոռուպցիոն պայքարի արդյունքում այդ գումարները կուղղվեն այդ ահռելի պարտքի մարմանը, որովհետև դա մեր գլխին կախված խնդիր է: Առանց այն էլ մենք այնպիսի պետություն ենք, որ սնվում է հարկերով:

Եվ ոչ միայն տնտեսական. բոլոր ուղղություններով մենք տեղում դոփում էինք, ամեն առումներով՝ առաջընթաց չունեինք, ավելին՝ հետընթաց էինք ապրում, գնալով մենք մեր հետագա սերունդների պարտքերն էինք ավելացնում. այլևս դա չէր կարելի թույլ տալ»:

– Ի՞նչ տվեց հեղափոխությունը անձամբ քեզ. գուցե քո ներսում էլ որոշակի փոփոխություններ կատարվեցին՝ մտքում, սրտում, բնավորության մեջ՝ ի վերջո…

«Ես նախկինում հարմարվող բնավորություն չունեի, այս հեղափոխության օրերին ձեռք բերեցի հարմարվողականություն, սովորեցի լինել ավելի մարդամոտ, քանզի այդ ժամանակ ես չէի կարող ընտրել իմ պայքարի ընկերներին. պայքարում էինք ամբողջ ժողովրդի հետ միասին: Սովորեցի լինել ավելի հանդուրժող և արդյունքում վերջնականապես ամրագրեցի ինքս ինձ համար, որ ամենակարևորը այս կյանքում հումանիստ լինելն է. եթե դնենք տարանջատումներ, ապա միասնականությունը կկորի ու արդյունքի հասնելը շատ դժվար կլինի»:

Արփի Ավետիսյանը ապագայում իրեն տեսնում է օրենսդիր մարմնում: Բայց մինչ այդ իր համար արդեն գծել է այն ճանապարհը, որով պետք է անցնի՝ ի վերջո խորհրդարան մտնելու համար:

«Ես կողմ եմ աստիճանական զարգացմանը, եթե ինձ առաջարկեին այս պահին որևէ պաշտոն, ես չէի հավակնի, որովհետև դեռ պատրաստ չեմ պաշտոն զբաղեցնելու: Առաջարկում եմ ներկա իշխանություններին՝ հավաքել կադրերի բանկ, էդպես  շարժվել առաջ: Բոլոր թափուր հաստիքների համար, ինչպես որ պետք է լինի ազատ, արդար ու ժողովրդավար երկրում, անցկացվեն թափուր աշխատատեղերի մրցույթներ, ու մարդիկ կրտսեր մասնագետից աստիճանաբար զարգանան ու բարձրանան:

Ուզում եմ ապագայում անպայման լինել օրենսդիր մարմնում: Իհարկե, նախ ուզում եմ սկսել սոցիալական ոլորտից, լինեմ հկ-ում, ունենամ իմ ներդրումը՝ անհատների, ինստիտուտների փոփոխության վրա աշխատելով, քանի որ օրենքն ինքը մարդկային գործոն է՝ օրենքներն էլ գրում են մեզ նման մարդիկ, պետք է փորձեմ լինել ավելի օբյեկտիվ, որովհետև կան օրենքներ, որ կարդում ու հասկանում ես, որ այն սահմանափակված է նախաձեռնող անձի պատկերացումներով, այլ ոչ թե հասարակության շահերով է առաջնորդված: Եվ երբ օրենսդիր մարմնում առաջադրվեմ, լինելու եմ անկախ, քանի որ օրենքը դա թույլ է տալիս, անկուսակցական՝ ուղղակի ժողովրդի ձայնը բարձրացնող»:

Համարձակ, խնդիրներին ձեռնոց նետող, ապագային պարզ անթարթ աչքերով նայող Արփին խորապես հավատում ու վստահ է, որ ամեն բան իր և մեր հայրենիքում կարգավորվելու է քայլ առ քայլ: Եվ ինքն իր կողմից պատրաստ է անելու ամեն բան՝ տեսնելու դա:

«Ես անձամբ պատրաստ եմ և գիտեմ, որ իմ ուսանող ընկերներն էլ նույն միասնականությամբ պատրաստ են դուրս գալ ու շարունակել մեր պայքարը: Արդեն արթնացել ենք ու դեռ չենք քնել, ալիքը չի մարել: Սա մեր, իմ հայրենիքն է: Եվ ես պատրաստվում եմ մշտապես այստեղ ապրել, աշխատել, ընտանիք կազմել, երեխաներ մեծացնել»:

Զրուցեց Գոհար Ավագյանը