Search
Close this search box.

Ծառեր ու թփեր հատելու համար նաեւ 2 տարով կազատազրկեն. Կառավարությունը հավանություն տվեց Նաիրա Զոհրաբյանի նախագծին

Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ի իր նիստում հավանություն տվեց Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար պատժի խստացում ենթադրող օրինագծին, որը ներկայացրել էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ /Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը/ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ինչպես բխում է նախագծին կից ներկայացված հիմնավորումից, առաջարկվող կարգավորումը պայմանավորված է տվյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների աճի դինամիկայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ պատժի խստացումը կզսպի և զերծ կպահի ապօրինի գործողությունների իրականացումից:

Փոխնախարարի խոսքով, թեեւ կառավարությունն ընդունելի է համարում այս կարգավորումները, սակայն նախագծի վերաբերյալ կան որոշակի դիտողություններ: Մասնավորապես, կառավարությունը համաձայն չէ, որ պատժի խստացումը կզսպի հանցագործության   կատարմանը եւ կնպաստի հանցագործության նվազեցմանը. «Քրեական պատիժը հանցավորության դեմ պահյքարի գլխավոր միջոցը չէ, երկրորդային դեր ունի: Ավելի կարեւոր են պատժի անխուսափելիությունը, ժամանակին կիրառելը, քան պատժի խստությունը»:

Նա ընդգծեց, որ իրենք առաջարկում են, որ եւ պահպանվի կալանքը, եւ նաեւ ներառվի ազատազրկում պատժատեսակը: Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց նախագծի հեղինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել կառավարության հետ մեկ միասնական նախագծով հանդես գալու համար:

Նշվեց նաեւ, որ ներկայումս ՀՀ վարչապետի աշխատակազմում քննարկվում է բնապահպանության նախարարության մշակմամբ համանման օրենքի նախագիծ, որը քննարկվող խնդիրներին առավել համապարփակ լուծումներ է առաջարկում:

Առաջաին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ ընդհանուր առմամբ, պատգամավորի առաջարկը համահունչ է կառավարության մոտեցումներին, եւ առաջարկեց, որ նախագծին հավանություն տան, իսկ հետո կառավարությունն իր նախագծով կմտնի ԱԺ:

Ներկայացված օրինագիծը հավանություն ստացավ կառավարությունում: