Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի կարեւոր հյուրը Սիրիայից առաջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին: Հանդիպման առիթը Հայաստանի զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ գործակցության 15-րդ տարեդարձն է, որի հետ կապված միջոցառումների առիթով էլ ամերիկացի գեներալը ժամանել է Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է գործակցությունը, ասելով, որ այն նպաստում է նաեւ Հայաստան-ԱՄՆ հարաբերության զարգացմանը: Ամերիկացի գեներալն էլ բարձր է գնահատել գործակցությունն ու վերահաստատել այն խորացնելու պատրաստակամությունը: Քննարկվել են ընդլայնման հեռանկարները:

Հայաստանի Զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի գործակցությունն ուղիղ առնչություն չունի Հայաստանի զինուժի ռազմա-տեխնիկական կամ մարտական խնդիրների հետ, սակայն ռազմա-քաղաքական խորքային իմաստով այն Հայաստանի անվտանգության կարեւորագույն բաղադրիչ է, որը հաջողությամբ զարգացել է 15 տարի: Ըստ այդմ շատ կարեւոր է այդ բաղադրիչի հետագա շարունակությունը: Ի դեպ, Հայաստանի ԶՈՒ եւ Կանզասի գվարդիայի գործակցության հաստատման, կայացման ու զարգացման գործում առանցքային դեր է ունեցել պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արթուր Աղաբեկյանը:

Այդ հանգամանքը առանցքային է Հայաստանի համար, որքան էլ Հայաստանի ռազմա-քաղաքական առաջնահերթ գործընկերը եւ ֆորմալ իմաստով դաշնակիցը Ռուսաստանն է: Այդ իմաստով ընդհանրապես Միացյալ Նահանգների հետ աշխատանքը, այդ թվում Կանզասի ազգային գվարդիայի հետ գործակցությունը ոչ թե ունի այլընտրանքի, եւ նույնիսկ ոչ էլ դիվերսիֆիկացիայի, այլ հավելյալ ռազմա-քաղաքական ռեսուրսի, Հայաստանի անվտանգության բաղադրիչների հավելումի նշանակություն:

Դրան զուգահեռ, բացի ռազմավարական ընդհանուր համատեքստից, ներկայում շփումները կարեւոր են Հայաստանի նոր իշխանությանը բաժին ընկած որոշման ֆոնին, որն առնչվում է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացմանը, որը տեղի է ունենալու ՌԴ հետ պայմանավորվածությամբ: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանը մոտ 100 հոգանոց կոնտինգենտ կգործուղի Սիրիա, որի կազմում կլինեն բժիշկներ եւ հումանիտար ականազերծողներ, որոնք Հալեպում օգնություն կցուցաբերեն հայ համայնքին: Կլինի նաեւ անվտանգության անձնակազմ, նրանց աշխատանքի անվտանգությունը ապահովելու համար:

Այդ որոշումը Հայաստանի համար մի շարք բարդություններ պարունակող, սակայն թերեւս անհրաժեշտ որոշում է: Կա թե հայկական համայնքի գործոնը, թե ընդհանրապես հայկական պատմա-քաղաքակրթական գործոնը Մերձավոր Արեւելքում, ինչը Հայաստանին մի կողմից ստիպում է դուրս չմնալ խաղից, մյուս կողմից էլ հնարավորություն է լինել այդ թեկուզ բարդ խաղի մեջ, բայց փոքրիշատե ունենալ սեփական դերակատարումը աշխարհակարգային վերափոխումների այդ առանցքային գործընթացում:

Այդ ամենով հանդերձ, Հայաստանի որոշումը ենթադրում է նաեւ աշխատանք Արեւմուտքի հետ: Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարի Հայաստանում գտնվելն այդ առումով հնարավորություն է: Միեւնույն ժամանակ հետաքրքիր է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը, որ տարածվել է tert.am-ի հարցին ի պատասխան: ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է, որ «մենք հասկանում ենք «Սիրիայի հայկական բնակչությանն օգնելու Հայաստանի կառավարության ցանկությունը»: Միաժամանակ Նահանգների դեսպանատունը խոսել է նաեւ Իդլիբի շուրջ ստեղծված վիճակի մասին.

«Սիրիայում Հայաստանի ենթադրվող առաքելության մասին մեկնաբանություններ չենք կարող տալ, սակայն նշենք, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին, որտեղ երեք միլիոն անմեղ քաղաքացիական բնակչություն գտնվում է շրջապատման մեջ, ու նրանց սպառնում է հարձակում Ասադի ռեժիմի կողմից, որին սատարում են Ռուսաստանն ու Իրանը»:

Նահանգներն ըստ երեւույթին ակնարկում են Հայաստանին, որ, եթե մասնակցությունը տեղավորվում է իրապես մարդասիրական առաքելության շրջանակում եւ լինելու է Իդլիբից հեռու, ապա Նահանգները միանգամայն ըմբռնումով կմոտենա դրան, մինչդեռ անցանկալի կլինի որեւէ կերպ ներքաշումը անմիջականորեն Իդլիբի շուրջ զարգացումներին:

Միեւնույն ժամանակ, Նահանգների դեսպանության արձագանքը կարծես թե ունի նաեւ Հայաստանի կառավարությունից որոշակի արձագանքի ակնկալիք արտացոլող տողատակ: Համենայն դեպս, Հայաստանի կառավարության դեպքում թերեւս ավելորդ չէր լինի արձանագրել, որ Հայաստանը պատրաստ է իր մարդասիրական ներգրավվածությունն ունենալ ոչ միայն ռուսական ֆորմատով, եթե կառաջանա դրա անհրաժեշտությունը, հնարավորությունը, եւ խոսքը դարձյալ կլինի որեւէ կողմից կոնֆլիկտի մեջ չներգրավվելու մասին: