Search
Close this search box.

Տիգրան Աբգարյանը գեներալների աչքերի առաջ գնդակահարվել է Լեոյի փողոցում. Նիկոլ Փաշինյանը` 2008 մարտի 1-ի մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում ունեցած ելույթում մանրամասներ  ներկայացրեց 2008թ. մարտի 1-ի  և դրան նախորդած իրադարձությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ այդ օրվանից, ժամը 12:00-ից երկրում հայտարարում է արտակարգ դրություն:

«Արտակարգ դրությունը ոչ թե 2008թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերն է հայտարարվել, այլ դա եղել է միայն պաշտոնական մասը: Դա հայտարարվել է 2008թ. փետրվարի 23-ին, և դա ապացուցված է, դրա համար կան անհրաժեշտ փաստեր: Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու, և դա ապացուցված է: Ու այդ ընթացքում խրամատներում մեր զինվորներին փոխարինող չի եղել: Նրանք, ովքեր պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար, և մեր սահմանը եղել է անպաշտպան»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ներքին զորքերի զինծառայող, շարքային Տիգրան Աբգարյանը գեներալների աչքերի առաջ գնդակահարվել է Լեոյի փողոցում: «Բանակին հրամայվել է կրակել շենքերի պատուհանների վրա, բանակից հագուստ է տարվել և բաժանվել օլիգարխների թիկնապահներին կառավարության շենքում, բաժանվել են նաև ավտոմատներ: Մեր օպերատիվ տեղեկություններով մարտի 1-ի առավոտյան հենց հրահանգ է եղել ջարդուփշուր անել ժողովրդին: Այն փաստաթղթերը, որ հետո ցույց են տրվել, հետագայում են սարքվել: Եվ դրա մասին մենք ունենք շատ կոնկրետ օպերատիվ տեղեկություններ: Բարձրաստիճան պաշտոնյաները, ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգով ստել են փաստահավաք խմբին: Այո, նախագահականից զինվորականները ստացել են հրահանգներ գնալ փաստահավաք խումբ և խաբել փաստահավաք խմբին, սուտ ասել: Նրանք նաև բանակը սարքել են իրենց անձնական վարձկաններ»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը: