Search
Close this search box.

Ովքե՞ր են կանգնած ԱԱԾ-ՀՔԾ-ի «Ժնևգեյթի» հետևում

Այսօր համացանցում հրապարակված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը մեծ սկանդալի պատճառ դարձավ: Մի կողմ եմ թողնում հեռախոսազրույցի բովանդակությունը և այն փաստը,որ ընդհանրապես ԱԱԾ տնօրենը և ՔՎԾ պետը “անզգուշաբար” հեռախոսազրույցներ են ունենում:
Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, ավելի շատ հետաքրքրում է, իսկ ավելի ճիշտ է ասել՝սարսափեցնում է այն հանգամանքը,որ Հայաստանում ոչ ոք պաշտպանված չէ գաղտնալսումներից: Այդ թվում նաև այն ծառայության ղեկավարը,ով ի պաշտոնե իրավունք ունի բոլորին գաղտնալսել: Շատ վատ է,երբ նույնիսկ ինչ-որ ուժեր կամ օտար պետություններ կարող են գաղտնալսել, իսկ հետագայում նաև հրապարակել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցները,որոնք կարող են պետական գաղտնիք պարունակկել: Առավել ևս,երբ այդ պաշտոնյան ԱԱԾ տնօրենն է: Արդեն իսկ պարզ է,որ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը հեռախոսազրույցի ժամանակ եղել է Շվեյցարիայում՝ Ժնևում,այլ ոչ թե Մոսկվայում: Ձայնագրության հրապարակումից հետո որոշ վերլուծաբաններ այն անելու և հրապարակելու մեջ մեղադրեցին Մոսկվային.թե ռուսները չեն կարող ներել Փաշինյանին իր անկախ կեցվածքը: Իսկ որպես ապացույց ներկայացնում էին ձայնագրության անգլերեն թարգմանության տեքստը,որտեղ “Հ” տառն այնպես է թարգմանված,ինչպես ընդունված է ռուսների մոտ՝”չարտացոլվելով” թարգմանությունում: Օրինակ՝Սահակյան-Саакян-Saakyan, Հարությունյան-Арутюнян-Arutyunyan, Հրաչ- Грач -Grach, Վահե-Ваге-Vage: Սակայն ես այլ կարծիքի եմ:
Հարգելիներս,եթե սա պաշտոնական Մոսկվայի ձեռքի գործն է,ով կարողացել է ձայնագրել ՀՀ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցը,ապա չեմ կասկածում,որ Մոսկվայում կգտնվեր մեկը,ով, բավական լավ տիրապետելով հայերենին և անգլերենին, պրոֆեսիոնալ կթարգմաներ այն և թույլ չէր տա,որ որևէ մեկը Saakyan, Grach կամ Vage գրելով բոլոր սլաքներն ուղղեին իր դեմ: Չեմ կարծում,որ ռուսաստանյան ՊԱԿ-իստները դիլետանտ են և այսպես հեշտ կբացահայտվեին հայաստանյան վերլուծաբանների և քաղաքագետների կողմից:
Համոզված եմ,որ Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը հրապարակողների ձեռքում այլ նյութեր ևս կան և պատահական չէ,որ այս բովանդակությամբ զրույցը հրապարակվեց առաջինը: Հրապարակվեց Փաշինյանի ՌԴ այցից մի քանի օր հետո: Իմ կարծիքով Փաշինյան-Պուտին հանդիպումը բավական արդյունավետ է եղել և հայ-ռուսական հարաբերությունները փչացնողներին դա դուր չէր եկել: Շատ արագ կազմակերպվեց ԱԱԾ-ՀՔԾ-ի “Ժնևգեյթ” օպերացիան՝ հայ հասարակությանը համոզելու,որ ռուսները մեր թշնամիներն են:
Այո՛,հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ,որոնք պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Սակայն համացանցում բարձրացված հակառուսական հիստերիան լավ հետևանքներ չի ունենալու: Անձնավորել՝Քոչարյան,Սարգսյան,Խաչատրյան,Մարգարյան և այլք այստեղ պետք չէ: Խաղադրույքն ավելի բարձր է՝մեր անվտանգությունը: Չմոռանաք,որ պատմությունը սիրում է կրկնվել:Չմոռանանք 1920-21 թվականները և չտրվենք զգացմունքներին: