Search
Close this search box.

Հրաժարական կտամ, երբ լինի հանրության և իմ ղեկավարության պահանջը․ ԱԱԾ տնօրեն

Այո, գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել, և նոր իշխանությունները փոխում են իրենց արտաքին քաղաքական վեկտորը և գնում են այլ ուղղությամբ:

Այս մասին իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հրապարակման թեմայով հրավիրած ասուլիսին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Մեր ռուս գործընկերոջ մոտ էլ կար այդ կարծիք, որը հերքվել է»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք հնարավոր է այս միջադեպից հետո ինքը հրաժարական տա, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Ես կառչած չեմ այս պաշտոնին, ես ԱԱԾ պաշտոնը զբաղեցնում եմ շատ մեծ պատասխանատվությամբ և կարծում եմ՝ շատ գործեր ունեմ: Երբ հանրությունը նման պահանջ ներկայացնի, ես հրաժարական կտամ»,- ասաց նա՝ նշելով, որ հրաժարական կտա նաև իր ղեկավարության պահանջի դեպքում:

Նա շեշտեց, որ հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման նպատակն իրենց թուլացնելն է: «Մեզ ասելով՝ նկատի ունեմ ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին, որպեսզի այն գործը, որ սկսել ենք, թողնենք կիսատ»,- ասաց նա:

Նա նշեց, որ, իհարկե, անվտանգության խնդիր է, երբ գաղտնալսում են ԱԱԾ և ՀՔԾ պետերին: «Շատ հնարավոր է գաղտնալսեն բոլորին՝ Ձեզ, վարչապետին»,- ասաց նա:

Արթուր Վանեցյանը նաև նշեց, որ մտահոգիչ է, որ գաղտնալսվել են հանրապետության ԱԱԾ տնօրենն ու Հատուկ քննչական ծառայության պետը: « Դա մանրակրկիտ կուսումնասիրվի, և եթե չեմ սխալվում, Գլխավոր դատախազություն քրեական գործ է հարուցված»,– ասաց նա:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ այդ խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշում կայացնելու մասին: «Նախապատմությունն ասեմ, որ քննարկել ենք, որովհետև դատարանի առջև կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Յուրի Խաչատուրովը, պետք էր հարյուր տոկոսով համոզված լինել, որ այդ գործում թերացում չկա: Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է և եղել է զուտ իրավաբանական քննարկում:

Ստացել եմ փորձագիտական կարծիք, որտեղ հիմքերի հետ կապված եղել է և ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, և նա՝ որպես իրավաբան, տվել է պարզաբանումներ»,-ասաց Վանեցյանը:

ԱՐթուր Վանեցյան շեշտեց, որ այն, ինչ իրենք անում են, այն պայքարը, որը իրենք սկսել են, շարունակելու են, և իրենց չի խանգարելու ոչ մի բան, որևէ խոչընդոտ չի կարող լինել իրենց գործում, որպեսզի Հայաստանից թալանված գումարները վերադարձվեն, մարդասպաները պարզվեն: