Search
Close this search box.

Գաղտնալսումը առաջացնում է մի շարք հարցեր և ստեղծում ուշագրավ իրավիճակ

Լավ է, երբ սեպտեմբերի 11-ին պայթում է լրահոսը, ոչ թե որեւէ շենք կամ շինություն, դառնալով մարդկային զոհերի պատճառ: Հայաստանում 2018 թվականի սեպտեմբերի 11-ին պայթեց հենց լրահոսը, հայտնի ձայնագրությամբ: Գաղտնալսվել են ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը, որոնք խոսում են Ռոբերտ Քոչարյանի, Խաչատուրովի, Մարտի 1-ի գործի մասին:

Գաղտնալսումը առաջացնում է մի շարք հարցեր եւ ստեղծում ուշագրավ իրավիճակ ներքին գործընթացում:

Նախ, առաջնայինն անշուշտ պետական անվտանգության հարցն է: Պարզվում է, որ գաղտնալսման ենթակա է Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, եթե գաղտնալսվում է հենց ԱԱԾ պետը: Ընդ որում, այդ առիթով հարկ է արձանագրել տարիներ առաջ տեղի ունեցած մի դրվագ, որը համենայն դեպս տեղ գտավ մամուլի հրապարակումներում: Երբ հրաժարական տվեց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, մամուլում գրվեց, որ պատճառը եղել է նախագահի աշխատասենյակի նորացված կահույքի մեջ ժուչոկների, գաղտնալսման սարքերի առկայությունը: Իհարկե, մամուլի այդ տեղեկությունը բնականաբար չի հաստատել պաշտոնական որեւէ աղբյուր:

Թեեւ, Հայաստանի անվտանգության համակարգի խնդիրների տասնամյակների «պատմությունն» ունի դժբախտաբար ավելի ողբերգական վկայություններ:

Այդուհանդերձ, պետք է անել անհապաղ եւ անհետաձգելի հետեւություն ու գործողություններ, պարզելու համար, թե ով կարող է գաղտնալսել Հայաստանի քաղաքական ղեկավարությանը Հայաստանում:

Իհարկե, պետք չէ լինել միամիտ ու ենթադրել, մտածել, որ հնարավոր է այդ հարցերը լուծել ու անվտանգության կուռ եւ անխոցելի համակարգ ձեւավորել մի քանի ամսում: Ակնհայտ է, որ պետք է այդ ուղղությամբ վարել ավելի ակտիվ եւ գուցե ագրեսիվ քաղաքականություն: Մյուս կողմից, չի բացառվում, որ բացակայում էր դրա այսպես ասած լեգիտիմ առիթը, որը փաստորեն տրվեց հրապարակված ձայնագրությամբ:

Դրան զուգահեռ, արդյոք կարող է լինել այնպես, որ տարբեր են գաղտնալսողն ու գաղտնալսածը հրապարակողը: Սա կարող է թվալ տարօրինակ, բայց համենայն դեպս ստեղծվում է այդ առումով ուշագրավ մի վիճակ, երբ հրապարակված գաղտնլասումը խոշոր հաշվով կարծես թե ավելի շատ աշխատում է գաղտնալսողի դեմ, կամ առնվազն այն սուբյեկտների դեմ, որոնք հանրային ընկալման մեջ անմիջապես պետք է դիտարկվեն իբրեւ գաղտնլասող ու հրապարակող: Ավելին, իշխանությունն էլ սլաքը միանգամից ուղղեց այդ թիրախին, ինչը իհարկե միանգամայն տրամաբանական էր, հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ: Խոսքն իհարկե Ռոբերտ Քոչարյանի եւ նրա շրջանակ ներառվող ուժերի մասին է, որ այլ կերպ կնքվել է «հակահեղափոխություն» դրոշմով:

Այդպիսով, թվում է թե «հեղափոխությանը» «հակահեղափոխության» հասցրած հարվածը իրականում ավելի կոշտ հակահարվածի տակ դրեց հենց «հակահեղափոխությանը», կատարելով նաեւ մի շարք նոր գործընթացների լեգիտիմ կատալիզատորի դեր: Ընդ որում, հատկանշական է, որ դա տեղի է ունենում մի կողմից Երեւանի Ավագանու արտահերթ ընտրությանը, մյուս կողմից Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի նշանակալից հանդիպումից հետո, ինչին նաեւ հաջորդել էր Փաշինյանի կոշտ ելույթը Երեւանի Ավագանու ընտրության նախընտրական արշավի մեկնարկին:

Եթե ձայնագրությունը պատասխան էր այդ ամենին, ապա այն բոլորովին չստացված պատասխան էր: Եվ ավելի շուտ փաստ է, որ ձայնագրությունը կամա թե ակամա դարձավ այդ ամենի շարունակություն, ոչ թե պատասխան: Ավելին, խոսքը ոչ միայն դրվագային շարունակության մասին է, այլ առնվազն միջնաժամկետ հեռանկարի, որ ընդհանուր առմամբ գծագրեցին եւ որոշակի «ճանապարհային քարտեզի» տեսքով ներկայացրին ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը իրենց ասուլիսում:

Այդպիսով, հրապարակված ձայնագրությունն ինչ որ իմաստով որոշակի գիծ էր եւ նոր իրավիճակի ձեւավորում, որը նախ ընդգծեց մի պարզ տրամաբանություն՝ «հակահեղափոխությունը» առայժմ միայն ուժեղացնում է իշխանությանը, անկախ նրանից՝ այն ավելի շուտ հռչակված կամ հնարված երեւույթ է՝ իրականում ապակենտրոն խմբավորումներ ներառող, թե համակարգված որեւէ իրական ուժ: Դա Հայաստանում տեղի ունեցող գործընթացի պատճառահետեւանքային օբյեկտիվ տրամաբանությունն է, դրա նաեւ միջազգային ուժային կենտրոններում ռազմավարական իմաստով կոնսենսուսային պահանջարկի բերումով:
Lragir.am