Search
Close this search box.

Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված մրցանակաբաշխություն ու միջազգային համաժողով կկայանա

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահից հետո Թուրքիայում բացված «Հրանտ Դինք» հիմնադրամն այս տարի նշանավոր հայ մտավորականի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին, Դինքի անվան մրցանակ կշնորհի Թուրքիայում և աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համար պայքար մղած անհատների ու կազմակերպությունների։

Ինչպես նշում է «Ակօս»-ը, այս տարի մրցանակաբաշխությունը կրկնակի հոբելյանական է՝ այն արդեն տասներորդը կլինի։ Այդ առիթով «Հրանտ Դինք» հիմնադրամը կկազմակերպի նաև «Նայել անցյալին, ձևավորել ապագան» խորագրով միջազգային համաժողով, որին կմասնակցեն նաև անցյալ 10 տարիների ընթացքում մրցանակակիր դարձած բոլոր գործիչները։

Հայտնի է, որ համաժողովի բացումն այս անգամ վստահվել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, իրավապաշտպան ու միջազգային հարաբերությունների մասնագետ Քեթրին Սիքինգին։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, ֆրանսիական հեղինակավոր Chirac հիմնադրամի կողմից Հրանտ Դինքի անվան հիմնադրամին շնորհված հատուկ մրցանակի հանձնման արարողության համար ժամանել էր Փարիզ, որտեղ պատվավոր մրցանակը նրան էր հանձնել անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: