Search
Close this search box.

Ֆերիկի դպրոցում կրքերը շարունակվում են. ուսուցիչները, ի պաշտպանություն դպրոցի տնօրենի, գործադուլ են արել

Ֆերիկի «Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան» ՊՈԱԿ –ի հիմնական դպրոցի մանկավաժական կոլեկտիվ

«Ուսումնական տարվա սկզբին անառողջ մթնոլորտ էր ձևավորվել Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքի դպրոցի  որոշ ծնողների և ուսուցչական կոլեկտիվի միջև:

Այդ անցանկալի իրավիճակի հեղինակները գյուղի բնակիչներ չհանդիսացող անձինք էին: Ցուցաբերելով բացառիկ ունակություններ բանսարկության «արվեստում»՝ նրանք, ոտնահարելով բարոյական տարրական նորմերը, իրենց համակիրների միջոցով, երեխաների ներկայությամբ անպարկեշտ արտահայտություններով և արարքներով վիրավորել ու վարկաբեկել են ուսուցչական կոլեկտիվին, մասնավորապես՝ դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանի տարիների անբասիր ու նվիրական կատարած աշխատանքը:

Իրենց սնամեջ ու  անհիմն մեղադրանքները, անբռնազբոս և ցինիկ պահվածքը՝ համեմելով շանտաժով և սպառնալիքներով, հիմք են տալիս մտածելու, որ նրանք ցանկանում են կազմալուծել  ուսումնական պրոցեսը  և այն ձևախեղել իրենց պատկերացումներին համարժեք:

Նրանց որոշ շեշտադրումներ խաթարում են հասարակության խաղաղ կեցությունը,վնասում եզդի և հայ ժողովուրդների բարիդրացիությանը:

«Դասավանդիր Հայաստան» հասարակական կազմակերպությունը, տեղեկանալով նրանց տխրահռչակ գործի մասին, ցուցաբերել է գովելի սկզբունքայնություն և կասեցրել է Զեմֆիրա Քալաշյանի գործունեությունը Ֆերիկի դպրոցում: Նման սկզբունքայնություն ակնկալում ենք նաև ՀՀ բոլոր ազնիվ քաղաքացիներից, որոնց արձագանքները կօգնեն ցրելու գաղջ մթնոլորտը և լիարժեք անցնելու մեր առաքելության իրացմանը:

Կոչ ենք անում հանրապետության ողջ ուսուցչական անձնակազմներին արձագանքելու, հավատացեք, դրա կարիքը կա և դրանով իսկ սահմանափակելու ուսուցչի կերպարը վարկաբեկող, վատ հետևանքներով հղի նմանատիպ այլևայլ դրսևորումներին:

Հորդոր ենք ուղղում նաև Ֆերիկ համայնքի մեր հարգելի ծնողներին, հագուրդ չտաք ձեր ազգային զգացմունքները շահարկող բախտակիցների անհավասարակշիռ ամբիցիաներին: Հավատացեք, դա լավ հանգրվանի չի տանի:

Դպրոցի ուսուցիչները սեպտեմբերի 10-ին նախազգուշական գործադուլ են իրականացրել ի պաշտպանություն դպրոցի տնօրենի:

Մի փնտրեք թշնամիներ բարեկամների մեջ:

Մանկավարժական կոլեկտիվը լիահույս է, որ հետագա գործողությունները կծավալվեն օրինականության շրջանակներում և դրանով իսկ չի ոտնահարվի երեխաների կրթության իրավունքը:

Մենք պատրաստ ենք համագործակցության»: