Search
Close this search box.

«Ինչպես արձակել Ազգային ժողովն արտահերթ ընտրությունների գնալու համար, առաջարկ». Վահե Դանիելյան

Փոխվարչապետի օգնական Վահե Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչպես արձակել Ազգային ժողովը արտահերթ ընտրությունների գնալու համար, առաջարկ.

Մեր Սահմանադրության համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրություն կարող է իրականացվել բացառապես 2 դեպքում՝
ա) երբ ԱԺ-ն երկու անգամ չի կարողանում ընտրել վարչապետ,
բ) երբ կարողանում է ընտրել, բայց 2 անգամ չի հաստատում կառավարության ծրագիրը։
Այս պայմաններում ԱԺ արտահերթ ընտրություն հնարավոր է, եթե վարչապետը հրաժարական տա՝ հույս ունենալով, որ ԱԺ-ն պայմանավորվածության համաձայն երկու անգամ չի ընտրի վարչապետ։ Իսկ եթե աղվեսաբար փորձի ընտրել՝ արհամարհելով ժողովրդավարությունը՝ նորից մարդկանց ստիպելով ճանապարհներ փակել և որոշում պարտադրել։
Օրեր առաջ իրավագիտության դոկտոր մի պատգամավոր, ով իրեն իրավագիտության ոլորտում երբևէ հավասար որևէ մեկին չի ընդունել, պնդում էր, որ համաշխարհային սահմանադրական իրավունքին հայտնի չէ ոչ պառլամենտի ինքնալուծարման, ոչ էլ արձակման այլ հիմքեր, քան պառլամենտի անգործունակությունը (օրինակ՝ երբ չի կարողանում վարչապետ ընտրել, որպիսի տրամաբանությունը ընկած է նաև մեր Սահմանադրության վերոգրյալ դրույթներում)։ Այս պնդումն իհարկե ավելի պակաս աղերսներ ունի սահմանադրական իրավունքի հետ, որքան «անտառաճանաչ» բառը «անտառ ճանաչող» իմաստի հետ։ Այսպես, պառլամենտական հետևյալ երկրներում՝ Չեխիայում պառլամենտը կարող է ցանկացած ժամանակ ինքնալուծարվել, եթե 200 պատգամավորներից 120-ը կողմ են քվեարկել, Մեծ Բրիտանիայում, եթե արտահերթ ընտրությունների օգտին քվերակել են 2/3-ը, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում ցանկացած ժամանակ վարչապետի խորհրդով արտահերթ ընտրություն է նշանակում Գեներալ Նահանգապետը ( նախագահին համարժեք պաշտոն, նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից), Բելգիայում պառլամենտը արձակվում է արքայական հրամանով, Կանադայում՝ Թագուհու կամ Գեներալ Նահանգապետի, Իռլանդիայում վարչապետի խորհրդով նախագահի կողմից, Ճապոնիայում կառավարության առաջարկությամբ միապետի կողմից, Իտալիայում նախագահի կողմից, Լատվիայում ոչ միայն նախագահը կարող է նախաձեռնել խորհրդարանը արձակելու հանրաքվե, այլև հենց ինքը ժողովուրդը։
Առաջարկում եմ Սահմանադրության 92-րդ և 130-րդ հոդվածներում համապատասխան փոփոխություններ անել, որի արդյունքում վարչապետի առաջարկությամբ նախագահը արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակի և չենք ապավինի երկու անգամ վարչապետ չընտրելու խորհրդարանի բարեհաճությանը։ Այս փոփոխությունների համար հանրաքվեի անհրաժեշտություն չկա. կարող է իրականացվել կառավարության կամ պատգամավորների առաջարկությամբ պառլամենտի 2/3-ի քվեարկությամբ, իսկ եթե չապահովվի այդքան ձայն, 3/5 ձայն հավաքելու դեպքում կդրվի հանրաքվեի, ինչը ծախսատար է։ Առաջարկվող փոփոխությունը ոչ միայն ներկա իրավիճակում է անհրաժեշտ, այլև հետագայում սահմանադրական հնարավոր այլ իրավիճակներ հաղթահարելու համար։ Անհրաժեշտ է նաև ընթացակարգ սահմանել, որով ժողովուրդը, ինչպես Լատվիայում, կարողանա ցանկացած ժամանակ նախաձեռնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ իրականացնելու հանրաքվե»։