Search
Close this search box.

Երևանցուն պետք է լուծում ներկայացնել, ոչ թե պրոբլեմ. Նաիրա Զոհրաբյան

Վաղվանից երևանցուն կներկայացնենք՝ ինչպես ենք տեսնում Երևանի զարգացումը. Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ հրավիրված ասուլիսին հայտարարեց ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ երևանցուն Երևանի խնդիրները բացատրելու կարիքը չկա, ուստի իրենք էլ իրենց քարոզչությունը կառուցելու են երկու կարևոր մեսիջների վրա: «Մենք ներկայացնելու ենք լուծում, որովհետև երևանցուն պետք չի ներկայացնել պրոբլեմները, որտեղ ապրում է, չենք գնալու, ասենք՝ այսօր Երևանը վերածվել է աղբաքաղաքի, որովհետև «Սանիտեքը» չի կարողանում կատարել իր գործառույթները: Մենք առաջարկելու ենք լուծում, նաև այն հնարավոր ռեսուրսներն ու ներդրողներին, որ տանք կարևորագույն խնդիրների լուծումները»,-ասաց նա:

Զոհրաբյանը նշեց, որ Երևանում խնդիրները շատ են՝ տրանսպորտի կատաստոֆիկ վիճակը, Երևանի վնասված թոքերը և այլն:

«Բոլոր խնդիրների դեպքում լուծում ենք առաջարկում և մատնացույց ենք անում այն ներդողներին, ովքեր ստանձնել են պարտավորություն՝ այդ խնդիրները լուծելու համար»,-ասաց նա և նշեց, որ քարոզարշավին կլինեն հնարավորինս կոռեկտ:

ԲՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականում գտնվող Պետրոս Ղազարյանը նշեց, որ կարևոր է՝ ինչպես կանցնեն ընտրությունները: «Վաղն սկսում է քարոզարշավը, մի քանի ուժեր մեկնաբանություններ արեցին, որոնք ուղղված չէին սիրո և համերաշխության մթնոլորտում ընտրություններ անցկացնելուն, մենք ցանկանում ենք ընտրություններն անցկացնել համերաշխ, մրցակցային մթնոլորտում՝ ազատ, արդար: Նորմալ ընտրություններ անցկացնելու ավանդույթ ձևավորենք»,-ասաց նա:

Պետրոս Ղազարյանը հայտարարեց, որ վստահ են՝ իրենց մրցակիցների մեջ չկան հակահեղափոխականներ, սև, մութ ուժեր, ռևանշիստներ: «Վստահ ենք, որ բոլոր 12 ուժերը գալիս են Երևանը շենացնելու, փոխելու ցանկությամբ: Հենց այս տրամադրվածությամբ ենք մասնակցելու ընտրություններին: Որևէ ֆեյքային պատերազմի մեջ չենք մտնելու և որևէ մեկին չենք սևացնելու. քննադատությունը լինելու է միայն ծրագրերին առնչվող»,-ասաց նա:

Թեկնածուներից Արման Աբովյանը նշեց, որ իրենք որոշել են ոչ թե դասական կանոններով քարոզարշավ անցկացնել, այլ իրենք համոզված են, որ կկարողանան ամեն երևանցու հասցնել այն խնդիրների լուծման եղանակները, որոնց մասին խոսում են: