Search
Close this search box.

Փաշինյանն ասաց Պուտինին ամենակարեւորը. մեկնարկը տրվեց

Մոսկվայում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումը, որի առնչությամբ առայժմ հասանելի է Պուտինի եւ Փաշինյանի բացման խոսքը, ինչն, իհարկե, հազիվ թե բավարար հիմք լինի հանդիպման ընթացքի ու բովանդակության մասին եզրակացության համար:

Միեւնույն ժամանակ, սակայն, դրանում կան հատկանշական դրվագներ, որոնք այդուհանդերձ թույլ են տալիս արձանագրել երկուստեք որոշակի տրամադրվածություն եւ ընդհանուր առմամբ ակնառու է, որ հայ-ռուսական հարաբերության ճգնաժամի, լարվածության եւ այլ «ճակատագրապաշտական» դիտարկումներն ու գնահատականները մեղմ ասած այդքան էլ չեն արտացոլում իրականությունը:

Միեւնույն ժամանակ հետաքրքիր է ՌԴ նախագահի դիտարկումը առանձնահատուկ հարաբերության մասին, որը, ըստ նրա, ունի դարերի խորքից եկող պատմություն եւ ոչ թե ձեւավորվել է «մեր համատեղ աշխատանքի ժամանակահատվածում»: ՌԴ նախագահն ըստ երեւույթին դրանով ակնարկում էր Նիկոլ Փաշինյանին, որ անցնող ժամանակահատվածը չափազանց կարճ է դարերի ընթացքում ձեւավորված հայ-ռուսական հարաբերության էական տրանսֆորմացիայի համար: Այստեղ, իհարկե, հնարավոր է դիտարկել ազդակի կամ հաղորդագրության մի քանի «վարկած»:

Գուցե ՌԴ նախագահը ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է ունենա չափազանցված սպասումներ եւ ինքն ամենեւին հակված չէ հարաբերության բնույթի փոփոխության: Մյուս կողմից, ՌԴ նախագահի ակնարկը բազմադարյա հարաբերության մասով կարող է ունենալ այլ ուշագրավ համատեքստ: Պուտինը ներկայումս աշխարհաքաղաքական բարդագույն վիճակում է, ինչը էապես ծանրացրել է նաեւ դրությունը ներսում: Ակնհայտ է տարբեր տնտեսա-քաղաքական էլիտար խմբերի խաչաձեւ ճնշման իրողությունը: Նրա մանեւրի դաշտը նեղանում է բոլոր ուղղություններով եւ այս պայմաններում Հայաստանի ինքնիշխան վարքը այս ուղղությամբ Պուտինի համար կարող է դառնալ որոշակի օդանցք, փաստարկ այլ ուժային կենտրոնների հետ բարդ խաղում, որ նա վարում է մասնավորապես մերձավորարեւելյան ուղղությամբ: Խոսքը հատկապես Թուրքիայի, Իրանի եւ Իսրայելի հետ քննարկումների մասին է եւ այդ առումով հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ ՌԴ նախագահը եղել էր Թեհրանում եւ սիրիական թեմայով հանդիպել Ռոհանիի ու Էրդողանի հետ: Հայաստանը անկասկած չի կարող չլինել այդ խաղում՝ հաշվի առնելով ռեգիոնալ դասավորությունն ու շղթայականությունը:

Այդ իմաստով, Հայաստանի սուբյեկտության գրեթե ոչնչացման գործընթացի դառը պտուղը զգալիորեն համտեսած Պուտինը անշուշտ պատկերացնում է այդ տրամաբանությունից աստիճանաբար դուրս չգալու հնարավոր հետեւանքը բարդ խաղում, որում պարտությունը Մոսկվայի համար լինելու է իսկապես ճակատագրական:

Մյուս կողմից այստեղ է նաեւ «դարերի հարաբերության» խնդիրը, արդեն նաեւ Ռուսաստանի ներքին ասպեկտում: Այդ «դարերի» բնույթը Պուտինի համար կարող է վտանգավոր լինել Հայաստանի հանդեպ քաղաքականության հարցում իր դիրքերից որեւէ շոշափելի որակական տրանսֆորմացիայի գնալու պարագայում, քանի որ դա կարող է ռուսական էլիտաների մոտ առաջ բերել ամենատարբեր ընկալումներ եւ «կասկածներ», ինչը Պուտինի համար կարող է պարունակել ներքին, առանց այդ էլ բավականին ռիսկային դաշտում նոր մարտահրավերներ:

Այդ իմաստով Հայաստանից եկող նախաձեռնողականությունն ու համարձակությունը այն չէ, ինչ Կրեմլը կարող է ողջունել հրապարակավ՝ դրանում տեսնելով իսկապես ելք նաեւ իր ռեգիոնալ բարդ իրավիճակի պայմաններում, բայց այն է, ինչ Պուտինը թերեւս սպասում է որպես առնվազն միջնաժամկետ հեռանկարի անհրաժեշտություն:

Այս հարաբերականության եւ հակասականության կետում է թերեւս նաեւ այն առանձնահատուկ բնույթը, որի մասին խոսում է ՌԴ նախագահը Փաշինյանի հետ հանդիպման նախաբանում:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն այդ իմաստով իր ողջույնի խոսքում ապահովում է նոր իրավիճակին լիովին ներդաշնակ համարժեքություն, հարաբերության շեշտադրումներն ու խնդիրները արձանագրելով հստակ: «Դա չի նշանակում, որ մեր հարաբերությունում չկա խնդիր՝ Աստված մի արասցե այդպիսի իրավիճակ, երբ հարաբերությունները առանց հարցերի են, որովհետեւ դա կնշանակեր, որ ընդհանրապես չկա ոչ մի հարաբերություն: Կարող եմ վստահությամբ ասել, որ մեր հարաբերություններում չկան անլուծելի հարցեր եւ մենք իհարկե այսօր հարցերի շատ լայն շրջանակ: Վստահ եմ, որ այդ հարցերը կլուծվեն եւ մենք կհենվենք մեր դաշնակցային հարաբերություններում շահերի հարգանքի, մեր երկրների շահերի հանդեպ հարգանքի, մեր երկրների ինքնիշխանության հանդեպ հարգանքի եւ մեկս մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա», – հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այդպիսով բավական հստակ արձանագրել է այն խնդրահարույց դրվագներն ու մթնոլորտը, որ հանդիպումից առաջ ձեւավորվել էր ռուսաստանցի որոշ պաշտոնյաների հայտարարությունների, ու նաեւ Հայաստանում իրավական գործընթացների առնչությամբ Ռուսաստանում ինչ-ինչ որոշումների կապակցությամբ:

Այդ իմաստով, Հայաստանի վարչապետի ողջույնի տեքստը հայ-ռուսական «դարավոր» հարաբերության տրամաբանության պրիզմայով նույնիսկ անսովոր տեքստ է: Մյուս կողմից այն բավականին ներդաշնակ եւ համարժեք լինելով Հայաստանում թավշյա հեղափոխության գործընթացին ու դրա արդյունքում ստեղված նոր իրականությանը, նաեւ համարժեք է ռեգիոնալ քաղաքականության այն իրողություններին ու մարտահրավերներին, որոնք ուղիղ առնչվում են Ռուսաստանին, Հայաստանին, եւ չեն շրջանցի նաեւ հայ-ռուսական հարաբերության խնդիրը:

Ընդ որում, այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի տեքստում նկատվող միտումը գործնականում իր քաղաքական տոնայնության եւ բովանդակության մեջ պարունակում է հայ-ռուսական հարաբերության հայաստանյան տեսլականի այնպիսի վեկտոր, որը կարող է աշխարհաքաղաքական իմաստով լինել Ռուսաստանի արտաքին քաղաքականության միջազգայնորեն հազվադեպ լեգիտիմ եւ ընդունելի գործընթաց՝ Հայաստանի միջոցով:

Փաշինյանի Մոսկվա այցից առաջ Ռուսաստանը ՌԴ նախագահի օգնականի եւ արտգործնախարարի շուրթերով ազդարարել էր, թե սպասում է լուրջ խոսակցության, նաեւ հետագա հեռանկարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տեսլականին, միաժամանակ արձանագրելով, որ հարցեր առկա են երկու կողմում էլ: Այդ իմաստով Փաշինյանի ողջույնի խոսքում նշմարվում էր տեսլականի տողատակը, որն անկասկած առավել հանգամանալի ներկայացվել է հանդիպման ընթացքոմ, իսկ Պուտինի ողջույնի խոսքում նշմարվում էր քննարկման պատրաստ լինելու հանգամանքը՝ հաշվի առնելով հենց այն նոր իրողությունները, որ կան առավել լայն միջազգային իրավիճակի համատեքստում:

Այդ իմաստով էլ հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը ընդգծված շեշտադրել է նաեւ Պուտինի հետ անձնական հարաբերության ձեւավորումը, որն իհարկե կարող է դիտվել որպես Ռոբերտ Քոչարյան-Պուտին անձնական հարաբերության հակակշիռ, սակայն, իհարկե դա իբրեւ մի տարր: Որովհետեւ հազիվ թե Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման նախաբանում գնար նրա հետ անձնական հարաբերության թեմայով այդօրինակ մանրախնդիր մանիպուլյացիայի, առանց լայն համատեքստի: Եվ այդ առումով իհարկե համատեքստը թերեւս այն էր, որ հայ-ռուսական հարաբերության եւ դրա ավելի լայն, ռեգիոնալ ազդեցության հարցը որոշակիորեն երաշխավորվում է Պուտին-Փաշինյան մակարդակում, առնվազն միջնաժամկետ հեռանկարի համար, ինչպես ակնարկել էր նաեւ Պուտինը՝ միջնաժամկետ հեռանկարի համար սլաքները հստակեցնելու մասին իր ակնկալիքի բարձրաձայնումով:

Lragir.am