Search
Close this search box.

Էջմիածնում նոր պատժիչ է հայտնվել` փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը

Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը բավական ակտիվ է ֆեյսբուքում, և ժամանակ առ ժամանակ հոխորտում ու սպառնում է բոլոր նրանց, ում գործունեությունը այնքան էլ դուր չի գալիս նախկինում կազինոյի դիլեր աշխատած փոխքաղաքապետին: Ձեզ ենք ներկայացնում Պետրոսյանի մտքի ընդամենը երկու գոհար, որոը կարող է լիարժեք պատկերացում ստեղծել նրա մարդկային կերպարի մասին:
Իր օգոստոսի 29-ի գրառման մեջ Պետրոսյանը անդրադառնում է այն մարդկանց, ովքեր համարձակվում են քննադատել իշխանությունների կողմից ՏԻՄ-երում նշանակված պաշտոնյաներին, այսինքն իրեն. «Մի տեսակ նուրբ ասած զավեշտալի է, որ նախորդ իշխանություններին մշտապես «ծառայություն» մատուցած որոշ «սուբյեկտներ», տարօրինակ կերպով, ապրիլի 23-ից հետո վերածվեցին հեղափոխականների ու հիմա սկսել են քննադատել ՏԻՄ-երում իշխանությունների կողմից նշանակված պաշտոնյաներին»,-գրում է Պետրոսյանը:
Ոչ մի անուն, ոչ մի ազգանուն, չես հասկանում ում նկատի ունի, կամ ինչ քննադատության մասին է խոսքը: Պետրոսյանի ասածն այն է, որ իրենց քննադատել չի կարելի, ոչ թե այն պատճառով, որ իրենք անթերի են, այլ որովհետև իրենք չեն հանդուրժում քննադատություն:
Արսեն Պետրոսյանի երեկվա գրառումը արդեն մանվելգրիգորյանական ոճի մեջ էր: Ըմբոշխնեք խնդրեմ.
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. բոլոր նրանց, ովքեր խախտելով համակեցության կանոնները, փորձում են քաոսի ու ամենաթողության տպավորություն ստեղծել Էջմիածնում, փորձելով ստվերել քաղաքային իշխանությունների ամենօրյա, ծանրաբեռնված ու հետևողական աշխատանքը, ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ,սթափվեք, խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեր տեսակը այլևս մերժված է հասարակության կողմից:
Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի նմանները արժանանան խստագույն պատժի:
Հաջորդ անգամ Արսեն Պետրոսյանը կարող է անցում կատարել թումանյական ոճի, գրելով` «Այ դու փսլնքոտ ոչխարի լակատ, դու ինչի տեր ես, որ գաս, քթով պնչովդ, տրամադրությունս փչացնես, բռնեմ դունչդ կտրի շունչդ»:
Մեզ դիմած Էջմիածին քաղաքի վիրավորված ու վրդովված բնակիչները ասում են, որ իրենք հազիվ էին ազատվել Մանվել Գրիգորյանից ու նրա որդուց, հիմա էլ հայտնվել է մի նոր պատժիչ, ով ուզում է իր դիկտատուրան հաստատել Էջմիածնում. «Եթե Մանվել Գրիգորյանը Արշալույս գյուղից էր բախտի բերմամբ հայտնվել Էջմիածնում, ապա նոր պատժիչը Էջմիածնի մեկ այլ գյուղից է` Ոսկեհատից: Ով իր գյուղում չի կայանում, փորձում է Էջմիածնի ու էջմիածնեցիների վրա կայանալ: Մենք նման բան չենք հանդուրժելու: Կարող էինք իրեն հակադարձել ու ասել, որ լավ կլինի, որ ինքը նման բաներ գրելուց առաջ խելքը գլուխը հավաքի, բայց չեղած բանը հնարավոր չի հավաքել, դրա համար ասում ենք, թող իր տարածած աղբը գլուխը հավաքի, ու չփորձի էջմիածնեցիների հետ սպառնալիքների լեզվով խոսել: Մենք մի անգամ տեսել ենք, թե այդ սպառնացողի հետ ինչ է տեղի ունեցել, ու հիմա նա որտեղ է հայտնվել, թող չփորձի կրկնել նրա սխրանքը»,- ասում են էջմիածնեցիները:
Ընդհանրապես այնպիսի տպավորություն է, որ Էջմիածնի փոխքաղաքապետին հանգիստ չի տալիս Մանվել Գրիգորյանի փառքը, և նա իսկապես ուզում է զբաղեցնել նրա տեղը, իր ձևով բռնապետություն հաստատելով Էջմիածնում, լռեցնելով ցանկացած քննադատություն և ազատ խոսք: Բայց կասկած չկա, որ ի տարբերություն նախորդ բռնապետի, այս մեկը այդքան էլ երկար կյանք չի ունենա, էջմիածնԵցիները չեն հանդուրժի: