Search
Close this search box.

Մաքսազերծման գները թանկացել են. Առինջ մոլի աշխատակիցներիը պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում Առինջ մոլի աշխատակիցները՝ պահանջելով հագուստ ներկրողների համար նվազեցնել մաքսային վճարները: Նրանց խոսքով՝ քաշի համար մաքսազերծման գները թանկացել են, մեկ կգ համար հասնելով 4.5 դոլար: «Մինչև Նորֆոլկը 2 դոլար էր, Նորֆոլկը եկավ, դարձավ 3 դոլար, իսկ հեղափոխությունից հետո փոխանակ նվազեր, ընդհակառակը, դարձավ 4.5 դոլար»,- դժգոհեցին առևտրականները:

«Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը, ով ակցիայի կազմակեպիչն է, ասաց, որ սուս ու փուս կանգնեն կառավարության շենքի մոտ, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իջնի.«Թանկացումները լավ տեղ չեն տանելու: Էս խեղճ վիճակում կարիք կա՞ր էս պահին թանկացնել»,- ասաց «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը`ավելացնելով. «Տեղից մարդկանց վիճակը վատ ա, վարկերի տակ են: Կրթության նախարարն էլ ընենց օյին բերեց էս խեղճ ժողովրդի գլխին, փոխանակ շուտ ասեր՝ սև ու սպիտակ շորեր մի բերեք, մարդիկ գնացին, բերեցին, հետո նոր օրենք հանեց, որ դպրոցներում ազատ գրաֆիկ ա: Խեղճերի վրա սաղ սև ու սպիտակ շորերը մնացել են»,- ասաց նա: Արմեն Ներսիսյանը բոլոր տոնավաճաների աշխատակիցներին կոչ արեց գալ կառավարության շենքի մոտ ու միանալ ակցիային:

Առևտրականները հայտարարեցին, որ մինչև երեկո կմնան, չեն գնա, մինչև վարչապետն իրենց չընդունի: