Search
Close this search box.

Իրավապահների տեսադաշտում են հայտնվում մարդիկ, որոնք դեռ մի քանի ամիս առաջ շատ բարձր պաշտոններ էին զբաղեցնում

Միայն վերջին շաբաթվա ընթացքում քրգործեր են հարուցվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբոր և ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ են կասկածվում տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը և ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընտանիքի անդամները կասկածվում են ապօրինի հարստացման մեջ: Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդրի որդիները քննության տակ են:

ՀՀ նոր կառավարության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարը չի մարում, հակառակը՝ նոր ոլորտներ է ընդգրկում: Իրավապահների տեսադաշտում են հայտնվում մարդիկ, որոնք դեռ մի քանի ամիս առաջ շատ բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Կարծես թե, Փաշինյանի այն խոսքերը, թե ժողովրդից գողացված բոլոր փողերը վերադարձվելու են և Հայաստանը «կոռուպցիայից զերծ երկիր է լինելու», զուտ դեկլարատիվ չեն, գրում է Dеutsche Welle-ն:

Միջազգային հարաբերությունների և անվտանգության ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ սա նոր իշխանությունների հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ ալիքն է և, հավանաբար, իրադարձությունները կզարգանան նույն հունով: Միաժամանակ, փորձագետը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացիկ փուլն ավելի շուտ պայքար է կաշառակերների, ոչ թե բուն կոռուպցիայի դեմ: