Search
Close this search box.

Հայաստանի նոր իշխանությունները, համոզված ենք, կրկնակի ցնծություն կպարգևեն մեզ ու մեր հարազատներին. ցմահ դատապարտյալ

Հայաստանում ցմահ դատապարտյալների եւ նրանց հարազատների մոտ վերջին օրերին լավատեսական տրամադրություններ են։ Քսան եւ ավելի տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալների համար վերջապես կարող է մի դուռ բացվել, և նրանց կարգավիճակը կփոխվի։ Ոմանք ներման խնդրագիր են ներկայացրել և հույս ունեն, որ Հայաստանի անկախության տոնին նրանց բախտ կվիճակվի լինել տանը։ «Հայաստանի նոր իշխանությունները, համոզված ենք, կրկնակի ցնծություն կպարգևեն մեզ ու մեր հարազատներին։ Մանավանդ, որ արդարադատության նախարարն օրերս խոսեց այդ մասին՝ նշելով, որ ներման խնդրագրերը կառավարությունում են»,-ասում է ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը։ Վերջինս համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխությամբ զարմացրեց ու հիացրեց աշխարհին, հիմա էլ հեղափոխական քայլ կանի ցմահ դատապարտյալների ճակատագիրը փոխելու գործում։ «Հիացմունքի ու զարմանքի պահեր պարգևելու հերթը մերն ու մեր հարազատներինն է, ինչու չէ՝ այն բոլոր մարդկանց՝ իրավապաշտպաններ, ՀԿ-ի ների ներկայացուցիչներ, լրագրողներ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են մեր իրավունքների վերականգնման համար»-, ասում է Ս.Գրիգորյանը։ Նա, ի դեպ, նշեց, որ ժամանակին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է բարձրաձայնել ցմահների հարցերի մասին: «Երբ մեր սիրելի վարչապետը լրագրող էր՝ պարբերաբար մեզ մոտ էր գալիս, նամակներ էինք ուղարկում և նրա կողմից չէինք անտեսվում»,-ասում է Ստեփանն ու հիշում, որ անձամբ լրագրող Փաշինյանը իր հետ հանդիպել է։ «Երբ Ազգային ժողովի պատգամավոր էր, էլի հանդիպել ենք, զրուցել մեր խնդիրների մասին»,-պատմեց ցմահ դատապարտյալը։ Ստեփան Գրիգորյանը և ցմահ դատապարտված անձանցից շատերը հույսով են , որ արժեքների փոփոխություն ու նոր իրավիճակ կզգան նաև իրենք։ «Անկախության 27-րդ տարեդարձն ու իմ 23-ամյա բանտարկությունից ազատվելը հույս ունեմ՝ կնշեմ հարազատներիս հետ։ Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահը կլինեն Հայաստանի առաջին պաշտոնյաները, ովքեր ներում կշնորհեն ցմահիս»,-եզրափակեց Ս.Գրիգորյանը։ Նա և իր բախտակից ընկերներն անհամբեր սպասում են իրենց աստղային ժամին՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ։

Մարիամ Գրիգորյան