Search
Close this search box.

Ռուսաստանը կմերժի Հայաստանին

Ռուսաստանը կմերժի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում, քանի որ նա ՌԴ քաղաքացիություն ունի: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

«ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ մանրամասնելով, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:

Աղբյուրը չի բացահայտել ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների նամակագրության մանրամասները՝ նշելով միայն, որ հարցումը ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գծով:

Հայտնի է, որ ՌԴ սահմանադրության համաձայն՝ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել այլ երկրի՝ նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար: