Search
Close this search box.

Ձևավորվում է նոր որակի կուսակցություն

Ազգային առաջընթաց կուսակցության նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ.

Սիրելի ընկերներ,

Մենք ենք տերը մեր երկրի շարժումը և ԱՄՆ֊ում գործող Հայոց հանձնաժողով կառույցը նախաձեռնել են ներկա պայմաններին համապատասխան նոր որակի կուսակցության հիմնադրում։

Որոշվել է կուսակցությունը անվանել Ազգային առաջընթաց, իսկ Հոկտեմբերի սկզբին Երևանում հրավիրել հիմնադիր համագումար` օրենքով սահմանված կարգով կուսակցությունը գրանցելու համար։ Կուսակցության հիմնադիրները Հայաստանում և Սփյուռքում բնակվող հիմնականում երիտասարդ մասնագետներ են, ովքեր հենց ֆինանսավորելու են կուսակցության գործունեությունը։

Կուսակցությունն ազգային հենքի վրա հիմնված սոցիալական, բնահպանական ու կրթական ուղղվածության ուժ է` հիմնված հետևյալ սկզբունքների վրա`

1. Որակյալ ընդդիմության անհրաժեշտություն։ Որևէ կուսակցություն անսխալական չէ և չպետք է բացարձակ մեծամասնություն կազմի իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերում միաժամանակ։ Ուստի, անհրաժեշտ են հակակշռող, նոր արժեքները կրող և նախկին իշխանությունների մաս չկազմած կուսակցություններ։

2. Կառուցվածքային առանձնահատկություն։ Նոր որակի կուսակցությունը ենթադրում է ազգային ներուժի առավելագույն օգտագործում, ինչը ենթադրում է Սփյուռքի և Հայաստանի բոլոր մարզերի ներուժի ներառում` կոլեգիալ կառավարվող ու ժողովրդավարության սկզբունքները հարգող, հեղինակություններից զերծ միջավայրում։

3. Հստակ գաղափարական ծրագրի առկայություն։ Կուսակցության ծրագիրն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ բաղադրիչներ և հիմնված է չորս սկզբունքների վրա`

ա. սոցիալական վիճակի կտրուկ բարելավում, քանի որ պետության զարգացման նախապայմանը ծայրահեղ աղքատների բացակայությունն է և սոցիալական արդարությունը։ Միայն սոցիալապես ապահովված քաղաքացին կարող է զարգացնել տնտեսությունը և մասնակցել երկրի քաղաքական կյանքին։

բ. կրթության և տեղեկատվության մատչելիության ապահովում, քանի որ միայն կրթված ու տեղեկացված քաղաքացին կարող է կատարել գիտակցված ընտրություն և դրանով իսկ մասնակցել երկրի քաղաքական կյանքին։

գ. հասարակության ապակուսակցականացում այն հաշվով, որ պետական կառավարումն ու տեղական ինքնակառավարումը առավելագույնս զերծ մնան կուսակցական շահերի բախումներից։

դ. քաղաքացիներին ուղիղ ժողովրդավարության լծակների ընձեռում այն հաշվով, որ քաղաքացիներն ունենան իրական և գործուն լծակներ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերից դուրս ուղղակիորեն իրենց իշխանությունն իրականացնելու համար։

Հարգանքով
Ազգային առաջընթաց կուսակցության
Նախաձեռնող խումբ