Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանը դժվար ընտրության առաջ է կանգնած

Ի զորո՞ւ է Քոչարյանն ազդել քաղաքական գործընթացների վրա

Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը ներքաղաքական օրակարգ բերեց այն հարցը, թե ի զորու է արդյոք ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանն ազդել ներհայաստանյան գործընթացների վրա: Թեպետ մինչ այդ էլ «թավշյա» հեղափոխությանը սպառնացող վտանգների, հակահեղափոխական ուժերի փոխվրեժի հնարավորության թեման լայնորեն արծարծվում էր, սակայն օգոստոսի 13-ից հետո, երբ հրապարակվեց խնդրո առարկա որոշումը, այդ սպառնալիքներն ինչ-որ առումով «միս ու արյուն» ստացան։ Այժմ տիրապետող մտայնությունն այն է, որ Քոչարյանի ազատ արձակմամբ՝ քաղաքական իրավիճակի վրա ազդելու վերջինիս հնարավորությունները բազմապատիկ մեծանալու են։ Իհարկե, հնարավորությունների տեսանկյունից մի բան է, երբ Քոչարյանը ճաղերի հետեւում է, մեկ այլ բան, երբ ազատության մեջ է։ Սակայն կա՞ն արդյոք հիմնավոր կռվաններ՝ ամրագրելու, որ երկրորդ նախագահն ի վիճակի է քաղաքական գործընթացներ գեներացնել՝ ապավինելով իր նյութական եւ ոչ նյութական «հնարավորություններին»:

Սկսենք նրանից, որ Ռոբերտ Քոչարյանը հանրության շրջանում չունի էական որեւէ աջակցություն։ Դա հաստատեց նաեւ լրագրողների հետ հանդիպման տապալումից հետո վարչապետի նստավայրի դիմաց նրա կողմնակիցների անցկացրած հավաքը, որն աչքի էր ընկնում սակավամարդությամբ, եւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նույնիսկ ծաղրի առարկա դարձավ։ Այդ ակցիան ցույց տվեց, որ նախկին նախագահը չի կարող որեւէ գործընթաց ձեռնարկելիս՝ հույս դնել հանրային ռեսուրսի վրա:

Երկրորդ ճանապարհը, որին սովոր է մեր քաղաքական ընտրախավը, ֆինանսական ռեսուրսի նպատակային շրջանառությունն է։ Սակայն այս գործիքակազմն ինքնին շատ վտանգավոր ապագա է խոստանում այն կիրառողներին։ «Թավշյա» հեղափոխության ամենաէական ձեռքբերումը, թերեւս, կոռուպցիոն երեւույթների դեմ իրավապահ մարմինների անզիջում պայքարն է: Հետեւաբար՝ այս պայմաններում Քոչարյանի եւ նրա թիմի կողմից նմանօրինակ գործիքակազմի կիրառումը կնշանակի «խաղալ կրակի հետ»:

Արդյունավետության զրոյական հավանականություն ունի նաեւ նախորդ տարիներից քաղաքականության մեջ արմատացած ստվերային պայմանավորվածությունների, խարդավանքների գործելաոճը։ Չպետք է մոռանալ, որ այս տարբերակը մարմնավորելու համար պարտադիր պայման է ձեռքի տակ ունենալ վարչաքաղաքական որոշակի լծակներ: Այսօր նախորդ քրեաօլիգարխիկ վարչախումբը, բնականաբար, չի տիրապետում այդպիսի լծակների:

Այժմյան քաղաքական դասավորության պայմաններում հակահեղափոխության իրականացման մի աղոտ հնարավորությունը կարելի է պատկերացնել միայն այն դեպքում, եթե ԱԺ-ում ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր ստորագրած 45 պատգամավորները կարողանան խաթարել գործող խորհրդարանը լուծարելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նախաձեռնությունը եւ/կամ իրենք նախաձեռնեն ՀՀ վարչապետի նոր ընտրություն կազմակերպելու գործընթաց։ Մնացյալը՝ վարչաֆինանսական ռեսուրսների կիրառում, ստվերային պայմանավորվածություններ, խարդավանքներ եւ այլն, անարդյունավետ են, որովհետեւ դուրս են քաղաքական այն իրավիճակի տրամաբանությունից, որում այս վերջին երեք ամսվա ընթացում հայտնվել է Հայաստանը:

Որքան էլ տարօրինակ հնչի, ազատության մեջ Քոչարյանի քաղաքական կշիռը շատ ավելի փոքր է, քան կալանքում գտնված ժամանակ էր: Կալանքում նա կարող էր եւ փորձում էր ներկայանալ իբրեւ քաղհալածյալ, ով հայ իրականության մեջ բավական դրական ռենոմե ունի։ Այժմ նախկին նախագահի չկայացած քաղբանտարկյալի «կարիերան» հօդս է ցնդել՝ ապացուցելով, որ նրա հանդեպ նոր կառավարությունը հստակ ուղղորդված մտադրություններ չի ունեցել: Առաջիկա օրերին նրա համար դժվար է լինելու, քանզի ստիպված է որոշում կայացնել իր ապագայի հարցում։ Այն է՝ մնա՞լ «միակ տղամարդ-ռազմիկի» կերպարի մեջ եւ հետեւորդների բացակայության պայմաններում սպասել իր նոր կալանավորմանը, թե՞ թքել սեփական ուռճացված կերպարի վրա, հրաժեշտ տալ քաղաքականությանը եւ լքել Հայաստանը՝ որպես թուլամորթ մի վտարանդի։

Acnis.am խմբագրական