Search
Close this search box.

Խուզարկություն «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերությունունում. ՊԵԿ-ն առայժմ լռում է

Հայաստանի Պետեկամուտների աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գրասենյակում։ Ընկերությունը շփոթության մեջ է, ՊԵԿ–ն առայժմ չի մեկնաբանում տեղի ունեցածը։

Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ խուզարկությանը մասնակցել են ՊԵԿ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները: Մամուլի ծառայությունում ընդգծեցին, որ ընկերությունն ամեն տարի 3 մլրդ 300 մլն դրամի չափով հարկեր է վճարում:

Այստեղ հիշեցրեցին, որ օգօստոսի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ, իսկ խուզարկությունը տեղի է ունեցել 14-ի երեկոյան:

Մամուլի ծառայությունից շեշտեցին, որ ընկերությունը միշտ աշխատել է բաց եւ թափանցիկ, ինչպես նաեւ համագործակցել է հարկային մարմինների եւ ՊԵԿ-ի հետ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՊԵԿ աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում: Առգրավվել են փաստաթղթեր, ստուգվել են աշխատակցիների անձնական իրերը: Հաղորդվել էր 9.7 մլն դրամի չափով ԱԱՀ չվճարելու պատճառով քրեական գործ հարուցելու մասին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոանոց դուստր ընկերությունն է: 2008 թվականի փետրվարի 13-ին Երեւանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ստորագրվել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարմանը Երկաթուղային տրանսպորտային համակարգի փոխանցման մասին կոնցեսիոն պայմանագիր:

Համաձայնագրի համաձայն կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ առաջին քսան տարիների աշխատանքից հետո եւս 10 տարի երկարացման իրավունքով: