Search
Close this search box.

«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են պետական կառույցների հարաբերությունները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են պետական կառույցների հարաբերությունները: Ինչպես հայտնի է` թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները սկսեցին ստուգել նախկին պաշտոնյաների ու նրանց զավակների՝ զինծառայությունից ազատվելու հիմքերը: Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվողների առաջին ցանկում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տիգրան ու Տրդատ Խաչատրյանները: Տիգրանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բայց եւ հիմա չեն կարող բանակ զորակոչել, քանի որ ամուսնացած է, ունի երկու երեխա: Օրենսդրության համաձայն` երկու երեխա ունենալու դեպքում քաղաքացին ազատվում է զինծառայությունից:

Իսկ ահա Տրդատի դեպքում ամեն ինչ այլ է. 22-ամյա Տրդատ Խաչատրյանին ՔԿ-ում մեղադրանք է առաջադրվել` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Միաժամանակ նաեւ Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Ու այս օրերին այդ փորձաքննության պատճառով լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության եւ ՊՆ-ի հարաբերությունները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ զինվորական քննչական ծառայությունից դատահոգեբուժական հանձնաժողովին ստիպում են շուտ տալ եզրակացությունը, սակայն դատահոգեբուժական հանձնաժողովի անդամները քննիչներին բացատրում են, որ չեն կարող այդքան շուտ գնահատական տալ: Միայն թե բժիշկների այս պնդումները քննիչներն այդքան էլ հիմնավոր չեն համարում: Ու հիմա այս ամենի պատճառով երկու կառույցների մեջ տարաձայնություն է հասունացել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: