Search
Close this search box.

Անձեռնմխելիության հեքիաթը. Արա Պապյան

Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևողականորեն քարոզ է տարվում, որ ՀՀ նախագահը անձեռմխելի է: Այո մասնակիորեն դա այդպես է, և դրույթը վերաբերում է միայն ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ և ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ և ՆՐԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ համար:

Ընդհակառակն, գործող սահմանադրության #140 հոդվածի երրորդ կետը միաշնական և աներկբայորեն հայտարարում է, որ իր լիազորությունների ավարտից հետո հանրապետության նախագահը ԵՆԹԱԿԱ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ:

Ավելին, անգամ իր պաշտոնավարության ընթացքում հանրապետության նախագահն անձեռնմելիություն ունի միայն ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ համար:

Այսինքն, օրինակ, եթե նախագահը որոշել է երկրում զարգացնել հանքարդյունաբերությունը, որը հետագայում պարզվել է, որ սխալ զարգացման ուղի է, դրա համար ենթակա չի պատասխանատվության, որովհետև այդ որոշումը, թեև սխալ, բխել է իր կարգավիճակից: Բայց եթե որևէ հանք սեփականաշնորհել է իրեն կամ իր մերձավորին և այդ գործողության մեջ կա կարուպցիոն բաղադրիչ, ապա հանրապետության նախագահը այդ հարցում ՉՈՒՆԻ ԱՆՁԵՌՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ, քանի որ դա չի բխել նրա կարգավիճակից: Ընդհակառակն, դա եղել է նրա կարգավիճակի դեմ, քանի որ հանրապետության նախագահը երկրում օրինականության երաշխավորն է, ըստ սահմանդրության:

Եթե հանրապետության նախագահը ստեղծել է ինչ-որ զինվորական կառույց՝ ներգրավելով բանակը և նրա բարձրաստիճան ղեկավարությանը և նրան օժտել է հակասահմանադրական և հակաօրինական լիազորություններով, ապա այդ գործողության համար նա անձեռնմելի չէ, քանի որ քայլը հակաօրինական և հակասահմանադրական է եղել, իսկ նման քայլը չի կարող բխած լինել նախագահի կարգավիճակից վերը նշված պատճառով՝ նախագահը երկրում օրինականության և սահմանադրության երաշխավորն է և ոչ թե նրա ոտնահարողը:

Տես ՀՀ սահմանադրության # 140 հոդվածը.

Հոդված 140. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը

1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:

2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո: