Search
Close this search box.

ԲՀԿ-ականներն աջակցելով Պետրոսյանին մերժեցին Զոհրաբյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակացությունը որոշեց, որ Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու է Նաիրա Զոհրաբյանի դեմքով, նա է գլխավորելու կուսակցության ցուցակը: Չնայած այդ որոշումն ընդունվեց կուսակցության քաղխորհրդում, սակայն չի կարելի ասել, որ դա կուսակցության միասնական որոշումն էր: Ընդհակառակը, իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ ԲՀԿ վերնախավի ոչ բոլոր ներկայացուցիչներն են հակված պաշտպանելու Զոհրաբյանի թեկնածությունը:

Խնդիրը միայն «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը չէր, որտեղ նա բացահայատ հայտարարում էր, որ Նաիրա Զոհրաբյանը քաղաքապետի արժանի թեկնածու չի և ինքը չի պատրաստվում պաշտպանել նրա թեկնածությունը: Ինչպես առիթ ենք ունեցել նշելու՝ ավելի կոպիտ հակաքարոզչություն սեփական կուսակցության թեկնածուի նկատմամաբ դժվար է անգամ պատկերացնել: Ավելի հետաքրքիր էր այն արձագանքը, որ ունեցավ Գևորգ Պետրոսյանի գրառման քննարկումը ԲՀԿ քաղխորհրդում: Երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հավաքել էր ԲՀԿ վերնախավին քննարկելու Գևորգ Պետրոսյանի դիմումի հարցը, որով Պետրոսյանը դրել էր իր վստահության հարցը, պարզվեց, որ Պետրոսյանի տեսակետները պաշտանում է ամբողջ կուսակցությունը: Գագիկ Ծառուկյանը ուզում էր Պետրոսյանի հարցում որոշում կայացնելուց առաջ լսել կուսակիցների կարծիքը, արդյո՞ք նրանք մտածում են, որ Պետրոսյանը հակաքարոզչություն իրականացնելով սեփական կուսակցության ներկայացուցչի նկատմամբ կատարել է քաղաքական պատվեր, կամ այլ ուժերի կողմից ԲՀԿ-ում ներդրված ական է: ԲՀԿ-ական վերնախավը միաձայն ու միասնական հանդես եկավ ի պաշտպանություն Գևորգ Պետրոսյանի, բոլորը հայտարարեցին, որ իրենք չեն կասկածում Գևորգ Պետրոսյանի ազնվության և կուսակցությանը նրա ունեցած նվիրվածության վրա:

Միաձայն պաշտպանելով Գևորգ Պետրոսյանին ներկաներից որևէ մեկը հանդես չեկավ ի պաշտպանություն Նաիրա Զոհրաբյանի, որևէ մեկը չասեց, որ պաշտպանելով Գևորգ Պետրոսյանին, իրենք ըստ էության ասում են, որ համաձայն են Գևորգ Պետրոսյանի կողմից Նաիրա Զոհրաբյանի հասցեին հնչեցրած գնահատականների հետ, այսինքն՝ համաձայն են, որ Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել Երևանի քաղաքապետի արժանի թեկնածու և իրենք չեն պատրաստվում այդ ընտրություններին պաշտպանել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Ներկա ԲՀԿ-ականներից որևէ մեկը չհայտարարեց, որ Գևորգ Պետրոսյանը սխալ է թույլ տվել քննադատելով Նաիրա Զոհրաբյանին, որ Նաիրա Զոհրաբյանը քաղաքապետի արժանի թեկնածու է, և Պետրոսյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի Նաիրա Զոհրաբյանից, որովհետև միայն այդ դեպքում հնարավոր կլիներ համարել, որ նա ընդունել է իր սխալը: Այլապես, եթե ԲՀԿ-ականները Նաիրա Զոհրաբյանին չեն համարում քաղաքապետի արժանի թեկնածու, ինչպես նրան կարող են արժանի թեկնածու համարել Երևանի շարքային քաղաքացիները:

Արդյո՞ք նման իրավիճակում Նաիրա Զոհրաբյանը բարոյական իրավունք ունի շարունակելու հավակնել առաջինը լինելու իրավունքին, իրավունք ունի մտածել, որ գլխավորելով ցուցակը ինքը կարող է ակնկալել հաջողություն քաղաքապետի ընտրություններում: Վերջնական որոշում կայացնողը ԲՀԿ-ն է, նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը, և ինչու չէ Նաիրա Զոհրաբյանը, ով անմիջական պատասխանատվություն է կրելու ձախողման համար: Ու քանի դեռ ժամանակ կա մտածելու, գուցե իսկապես իմաստ ունի անդրադառնալ այն որոշմանը, թե ով պետք է գլխավորի ԲՀԿ ավագանու ցուցակը: Համենայն դեպս Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը այլևս համոզիչ չի թվում:

ArmLIfe.am