Search
Close this search box.

Որդեկորույս մայրը դիմում է վարչապետին՝ որդու և նրա ընկերոջ սպանությունների բացահայտման ակնկալիքով

ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանին

Ձեզ է դիմում Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակչուհի Հռիփսիմե Պողոսյանը։

2017 թվականի սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Էջմիածին քաղաքում դաժանաբար սպանեցին որդուս՝ 44 ամյա Կարեն Դավթյանին և նրա ընկերոջը 36 ամյա Լևոն Ավետիսյանին։ Մարդասպանները դարանակալել էին որդուս տան մոտ և մեքենայով տուն վերադառնալուց կրակահերթով դաժանաբար սպանել նրանց։ Մինչ օրս սպանությունները բացահայտված չեն։ Մինջև թավշյա հեղափոխությունը դիմել եմ բոլոր ատյաններին՝ ՀՀ նախկին նախագահին, վարչապետին, Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, Ոստիկանապետին, Մարդու իրավունքների պաշտպանին և Հելսիկյան անսամբլեայի գրասենյակին, սակայն որևէ հուսադրող պատասխան չեմ ստացել։
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ինձ մոտ հույս արթնացավ, որ կոռումպացված նախկին ղեկավարներին հեռացնելով նոր թափ կհաղորդվի ծանր հանցագործությունների բացահայտմանը, հատկապես Էջմիածին քաղաքում, որտեղ վերջին տարիներին կատարված մոտ 10 սպանությունները մնում են չբացահայտված, քանի որ նախկին իշխանությունների վախի մտնոլորտում մարդիք չէին համարձակվում բարձրաձայնել կատարված սպանությունների և ապօրինությունների մասին։ Բայց ներկայումս էլ չենք զգում որևէ դրական փոփոխություն մեր իրավապահ մարմինների գործելաոճի մեջ։ Թավշյա հեղափոխությունից հետո նոր դիմումներ եմ ուղարկել իրավապահ համակարգի ղեկավարներին, սակայն նամակները մնացել են անպատասխան։
Ես, որպես ՀՀ քաղաքացի, որպես որդեկորույս մայր, լիահույս եմ, որ Ձեր անմիջական միջամտության շնորհիվ հնարավոր կլինի շարժել անգործունեության մատնված մեր իրավապահ համակարգին, որպեսզի բացահայտվեն ոչ միայն իմ որդու և նրա ընկերոջ, այլ Էջմիածին քաղաքում կատարված բոլոր սպանությունները։