Search
Close this search box.

Հինգերորդ օրն է Սևանում փրկարարները որոնում են տղամարդուն

Փրկարարներն  օգոստոսի 7-ին ժամը 08:14-ին վերսկսել են նավակով ափց հեռացած ընտանիքի անդամներին լողալով օգնության գնացած տղամարդու որոնողական աշխատանքները: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել: