Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանը շնորհավորում է

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ երկրապահ հայ ազգ.
Եռասերունդ Երկրապահ Կամավորականների միության, Հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ Անկախության օրվա առթիվ:

Անկախության ճանապարհին մենք միասնաբար հաղթահարեցինք լուրջ դժվարություններ, պաշտպանեցինք պետական սահմանները, ՀՀ եւԱրցախի ինքնուրույնությունը, ստեղծեցինք հզոր բանակ եւ շարունակում ենք կայացնել ու հզորացնել մեր պետականությունը: Սա մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որին տեր ենք մեր բոլոր սերունդներով եւ արժանապատվությամբ, որովհետև, ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում. «Անկախությունը մեզ համար բացարձակ արժեք է»:

Մեր ժողովուրդը դժվարությունների, մաքառումների եւ հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է իր որդիների կյանքի գնով պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը, կարող է ապահովել Արցախի անկախությունը:

Ազատության ու անկախության հաղթանակի դրոշը պարզած հայ ժողովուրդը մշտապես հավատով ու հույսով լցված պիտի նայի ապագային եւ միակամ ու միասնական շարժվի դեպի համահայկական նպատակների իրականացում՝ արժանվույն տեղ զբաղեցնելով քաղաքակիրթ մարդկության առաջատարների շարքում:

Անկախության օրը սրբազնագույն տոն է, մեր ազգային տոնացույցի ամենագլխավոր տոնն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով եռասերունդ երկրապահները, Հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականները միշտ պատրաստ են ու զգոն:

Միասնականության ամուր հավատով, հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի մենք պարտավոր ենք հաղթահարել նաեւ մեզ սպասող բոլոր մարտահրավերները եւ առաջ ընթանալ` ապագան վստահելով նոր սերնդին:

Անկախությունը յուրաքանչյուրիս ամենօրյա հոգատարության կարիքն ունի:
Տեր կանգնենք մեր անկախությանը, միասնաբար, ազգովի, ողջ ներուժով պահպանենք ձեռքբերածը, հզորացնենք մեր երկիրը եւ վստահաբար փոխանցենք նոր սերնդին: Մեզ համար կարեւորը ոչ միայն ձեռք բերելն է, այլ նաեւ ձեռք բերածը պահպանելն ու նոր սերնդին փոխանցելը:

Երկրապահի, հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ պետական կառույցների համագործակցությունը, որն ամրագրվում է փոխըմբռնման հուշագրերով` ուղղված է այս վեհ առաքելությանը:

Մեր հզորությունը մեր միասնության մեջ է։

Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ աշխարհասփյուռ հայ ազգին, մեր զինված ուժերին՝ շարքայինից նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար, զոհված ազատամարտիկների հարազատներին, հայրենիքի պաշտպանության համար հերոս զավակներ ծնող մեր հերոս մայրերին, եռասերունդ երկրապահին, միշտ մարտունակ արցախահայությանը, եւս անգամ երկրի սահմաններում կանգնած հայ զինվորին, աշխարհասփյուռ հայ ժողովրդին եւ ցանկանում խաղաղություն ու անսպառ հավատ հարազատ պետության ու ապագայի հանդեպ:

Մանվել Գրիգորյան

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս