Search
Close this search box.

Ափսոսում եմ, բայց Հազարամյակների մարտահրավերները կորցնել պետք չէր ու հնարավոր էր. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյաը ֆեսյբուքյան իր էջում գրում է.

Ինչպիսին էլ լինի ԱՄՆ Հազարամյակների մարտահրավեր ծրագրում Հայաստանին ներգրավելու պաշտոնական-ֆորմալ մերժում-պատճառաբանությունը (պատկերավոր ասած՝ այդքան աղքատ չենք), պատճառներն անշուշտ քաղաքական են, ինչպես որ քաղաքական են լինում այն տրամադրելու կամ դադարեցնելու պատճառները: Հայաստանը այդ ծրագիրց դուրս դրվեց 2008թ. հայտնի զարգացումների արդյունքում: 2013-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը նորից հայտարարեց, թե Հայաստանը կարող է դիմել, քանի որ այժմ չափանիշներին համապատասխանում է: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո կրկին ազդանշան տրվեց, որ դիտարկում են այդ հարցը: Հեղափոխությունից հետո իմ մի քանի զրույցները ԱՄՆ վարչակազմի բարձր ներկայացուցիչների հետ դրա ապացույցն էին. նրանցից ոչ մեկ չի ասել, թե Հայաստանը չի համապատասխանում այդ չափանիշներին: Այժմ, երբ պարզ է դարձել, որ չենք լինի այդ ծրագրում, պատճառները կրկին այլ տեղ փնտրեք, քան ֆորմալ պատճառաբանություններն են: Ու թյուր է այն ընկալումը, թե ԱՄՆ-ում սպասում էին, որպեսզի Հայաստանը որդեգրի հակառուսական քաղաքականություն: Նման բան չկա: Վշինգթոնում ու անգամ Բրյուսելում այդպիսի սպասումներ չկան: Ոչ մենք ենք երբևիցե հայտարարել, որ գնում են ԵՄ կամ ՆԱՏՕ, ոչ էլ այնտեղ են դռները բաց մեզ սպասում: Երկու մայրաքաղաքում էլ ակնկալում են, որ Հայաստանը ինքնիշխան լինի, ինքնիշխան քաղաքականություններ վարի, իրենց ու Երևանի հարաբերությունները երրորդ երկրից ազդված չլինեն, իրենց ընկերությունները Հայաստանում մրցակցեն այլոց հետ հավասար կանոնների դաշտում: Մնացածը մանիպուլյացիա ու շահարկում է, թե Վաշինգթոնը կամ Բրյուսելը սպասում են, թե մենք կուրս փոխենք: Կրկնում եմ՝ նրանց ու Թեհրանին էլ վրադիր պետք է, որ մենք ազատ ու անկաշկանդ, ինքնիշխան կերպով մեր հարաբերությունները կառուցենք ու որևէ բանից ետ չկանգնենք, եթե, օրինակ, Մոսկվայից դա ենք ուզում: Այնպես որ՝ եթե մենք նման ծրագրերում չենք ներգրավվում, պատճառը փնտրեք Երևանում, ոչ թե այլ տեղ: Նշանակում է, ինչ-որ բան այն չի արվել, ինչ-որ մեսիջներ ճիշտ չեն թողնվել: Ափսոսում եմ, բայց Հազարամյակների մարտահրավերները կորցնել պետք չէր ու հնարավոր էր: