Search
Close this search box.

«Հայաստանում առկա է խրոնիկ ռուսոֆոբների մի խումբ». Արմեն Աշոտյանը՝ Փանիկ գյուղում տեղի ունեցածի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երկու կողմերն էլ, կարծում եմ, պետք է մի շարք հետևություններ անեն:

Հայաստանի իշխանությունների դեպքում առաջարկում եմ.

1. Գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունները պետք է մաքսիմալ աղերս ունենան իրականության հետ, լինեն ոչ այնքան հուզական, որքան փաստարկված:
2. Ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել բոլոր ոլորտների կառավարչական խնդիրների վրա: Ինչպես հասկացանք, հարցի մի մասը մեր որոշ գերատեսչությունների ապակոորդիանացված և անուշադիր վերաբերմունքի արդյունք է: Լավ է, որ պաշտպանության նախարարը անձամբ զբաղվեց հարցով: Բայց այս խնդիրը էլ ավելի է կարևորվում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում:
3. Հայաստանում առկա է խրոնիկ ռուսոֆոբների մի խումբ, որը ցանկացած նման առիթով փորձել և փորձելու է սրել իրավիճակը, վնասելով հայ-ռուսական հարաբերություններին:
4. Ռուսաստանում բոլոր ուղղություններով ակտիվացել է ադրբեջանական լոբբիստական աշխատանքը՝ քաղաքական, լրատվական, հասարակական: Խիստ արդիական է բաց չթողնել պահը և ճիշտ հողորդակցման խողովակներ ստեղծել հակահայկական ազդակները կանխելու կամ չեզոքացնելու համար:
5. Երկուստեք իրար երեսով տալը, «Մենք ձեզ փրկում ենք» ընդդեմ «Այս բազան ձեզ ավելի շատ է պետք» որակի գնահատականներ հնչեցնելը կամ տարածելը չի համապատաասխանում հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների ոգուն: