Search
Close this search box.

«Ո՛չ Սասունը, ո՛չ Արամը չուզեցին մի բան անեն, մենք ցմահ դատապարտվեցինք». Հրազդանը՝ քաղաքապետի ընտրությունից առաջ

Հրազդանցի 24-ամյա Լևոն Ստեփանյանը պատրաստվում է առաջադրվել Հրազդան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում:

Հրազդանում այս օրերին շրջանառվում են նաև այլ թեկնածուների անուններ, մասնավորապես` ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը չբացառեց, որ իր որդին կառաջադրվի քաղաքապետի թեկնածու` ով արդեն չորս տարի հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարը: Հրազդանի քաղաքապետի ընտրություններում խոսվում է նաև լրագրող Ռուզաննա Ստեփանյանի առաջադրման մասին, ում Հրազդանում առավելապես գիտեն որպես ԱԼՄ-ի Ռուզան, ով դեռ 2007 թվականին, համատարած կաշառքի պայմաններում, որպես ԺԿ-ական, մի քանի հազար ձայն ստացավ իր համաքաղաքացիներից` տարբեր ճակատներում արդարության կռիվ տալով:

Հիշեցնենք, որ մինչ այս, Հրազդանը 17 տարի պաշտոնավարեց ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը: Հրազդանի քաղաքապետի պաշտոնում եղել է նաև Սասուն Միքայելյանը, և տարիներ շարունակ Հրազդանը եղել է Արամ Դանիելյանի, Կովալենկո Շահգալդյանի և Սասուն Միքայելյանի կռվախնձորը:

Հրազդանը մայրաքաղաքից շատ հեռու չի գտնվում, սակայն այսօր Հրազդանի Երիտասարդական կոչված թաղամասը անգամ կոյուղագիծ չունի՝ ամեն մեկը մի փոս է փորել իր կամ հարևանի բակում, որ կույուղաջրերը գոնե այնտեղ լցվեն: Փոսերում բազմիցս երեխաներ են խեղդվելուց փրկվել: Իսկ խնդրին ծանոթ է եղել թե Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, թե Հրազդանում միշտ ամենաշատ ձայն հավաքած Սասուն Միքայելյանը. «Ո՛չ Արամը, ո՛չ Սասունը ուղղակի չուզեցին մի բան անեն, ամեն մեկն իրա աթոռին պինդ նստեց: Այն ժամանակ, երբ Սասուն Միքայելյանը իշխանության հետ էր, և համարվում էր Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը, կարող էր էդ հարցին լուծում տալ, բայց չուզեց, հետո դառավ ընդդիմություն՝ չկարողացավ: Արամ Դանիելյանին էլ չպետք է թողնել հրաժարական տա ու գնա: Նա պիտի պատասխան տա, թե ուր է անհետացել Հրազդանի բյուջեն, Եվրոպական որ երկրում է այն վերածվել արշարժ գույքի, որ մեր երեխաները 25 տարուց ավել այս թաղամասում ճամփա չունեն, լույս չունեն, գազ չունեն, կոյուղագիծ չունեն: Էդ ոնց եղավ, որ Արամի ու Սասունի տան ճամփեքն ասֆալտ ունեն, իսկ մենք մինչև ծնկներս ցեղի մեջ ենք թաղվում: Աքսորված ապրում ենք ու դեռ Միքայելյան Սասունն ասում է, որ իշխանության ձեռքին իր ընտանիքն է ամենաշատը տուժել. սա Հայաստանի ամենավատ գաղութն է, երտասարդական գաղութը` ցմահ դատապարտյալներով»,- առանց դադարի դժգոհում են թաղամասի բնակիչները՝ չկորցնելով կատակի զգացումը. «Գոնե մի տարի էլ համաներումը մեր վրա տարածվի»,- ասում են Երտասարդականի բնակիչները:
Փաստացի, խնդիրներով հագեցած Հրազդանը գնում է քաղաքապետի ընտրությունների` առայժմ հրապարակ իջած երեք անուններով` լրագրող Ռուզաննա Ստեփանյան, Սասուն Միքայելյանի որդին` Սեւակ Միքայելյան, և Լևոն Ստեփանյան:

ArmLife.am