Search
Close this search box.

Մեղադրանք է առաջադրվել գյուղապետին. փոշիացվել է համայնքի սոցօգնության գումարները

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են ստացվել այն մասին, որ մարզի Ղուրսալի համայնքի ղեկավար Մ. Մ.-ն առերեւույթ թույլ է տվել չարաշահումներ եւ այլ օրինախախտումներ, որոնց հետեւանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս: Մասնավորապես՝ չնայած 2016թ. ընթացքում ավագանու նիստեր չեն կայացվել, սակայն կազմվել են իբրեւ կայացած նիստերի որոշումներ եւ արձանագրություններ, որոնցում ավագանու անդամների փոխարեն ստորագրել են այլ անձինք:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, որոշումները հիմնականում վերաբերել են համայնքի բնակիչներին սոցիալական օգ­նության գումարների հատկացմանը, որտեղ հաճախակի սահմանված կարգի խախտմամբ ընդ­գրկված են եղել համայնքի ղեկավարի, համայնքապետարանի այլ աշխատակիցների, ավագանու եւ նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաեւ համայնքի բնակիչ չհանդիսացող, կամ ՀՀ-ից բացակայող անձինք:

Այս առթիվ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմինը, հիմնավորված է համարել, որ Ղուրսալի համայնքի ղեկավարի, ինչպես նաեւ համայնքապետարանի աշխատակցի գործողությունների արդյունքում որեւէ անձի, կազմակերպության, հասարակության կամ պետության օրինական շահերին էական վնաս չի պատճառվել եւ 2018թ. փետրվարի 5-ին որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Լոռու մարզի դատախազությունում այս որոշման օրինականության ստուգմամբ եւ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ, սակայն, պարզվել է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն անհիմն է, քանի որ նյութերով չեն պարզվել դրանց վերջնական ընթացքը լուծող էական նշանակության մի շարք հանգամանքներ: Նաեւ՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ՝ 2018թ. փետրվարի 19-ին Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ համայնքապետը շարունակաբար վատնել է հիշյալ համայնքի խոշոր չափերով գումարը:

Մասնավորապես Մ. Մ.-ն, խախտելով համայնքի ավագանու համապատասխան որոշման պահանջները, 2015 թվականի հոկտեմբերի 20-ից 2017 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մոր, կնոջ, կնոջ մոր, համայնքի բնակիչ չհանդիսացող 2 անձանց դիմումների հիման վրա նրանց անվամբ համայնքի բյուջեից միջոցներ է ելքագրել եւ նրանց հանձնելով՝ վատնել: Պարզվել է, որ նույն կերպ՝ Մ.Մ-ն նաեւ համայնքի թվով 29 բնակիչների դիմումների հիման վրա նրանց անվամբ համայնքի բյուջեից միջոցներ ելքագրելով եւ նրանց հանձնելով եւս վատնում է կատարել:

Նշված արարքների համար հունիսի 22-ին Ղուրսալի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մ.Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված 1.157.000 դրամի չափով վնասը:

Նկատի ունենալով, որ մեղադրյալը տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել է նախաքննությանը, ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ հուլիսի 18-ին նախաքննական մարմնի կողմից, դատախազի համաձայնությամբ, գործուն զղջալու հիմքով դադարեցվել է նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը եւ գործով վարույթը կարճվել է: