Search
Close this search box.

Ռուբեն Հայրապետյան. Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի

Armsport.am-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ֆեդերացիայի գործկոմի նիստը: Նիստի ավարտից հետո Հայրապետյանը 3 լրատվամիջոցի հետ զրուցել է հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների մասին.

«Նախ ասեմ, որ ես հրաժարական չեմ տալիս: Մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- սկսեց Հայրապետյանը:

– Որպես Ձեզ փոխարինող՝ շոշափվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անունը…:

– Ֆեդերացիայի նախագահ դառնալու օրվանից ի վեր ասել եմ, որ ես պայքարում եմ պայմանավորված խաղերի դեմ: Վերջին 2 տարում այդ աղբը մտել է մեր ֆուտբոլ: Ֆուտբոլում ամենաանցանկալի իրողությունը վաճառված խաղերի առկայությունն է:

Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն:

 -Ակումբները սկսել են հայտարարություններ տարածել Ձեր և ֆեդերացիայի դեմ…:

-Այո, Ակումբների վայ-ղեկավարներ իմ դեմ «վայնասուն» են բարձրացրել: Սա միշտ եղել է…: Ինձ մեղադրում եմ սեփականությունս տալ-չտալու մեջ, ակումբի անուն գրանցելու մեջ… իրենց թվարկած հարցերում օրենքի կետ չկա: «Շիրակը» «բռնվել է» կոռուպցիայի մեջ: Վերցրեք «Փյունիկի» ղեկավարի, իր կողքի մարդկանց մեղադրանքները և իրականության հետ համադրեք: «Փյունիկի» բոլոր թիմերը նա նվեր է ստացել: Նորմալ է, իշխանություն է փոխվել, մարդիկ ակտիվացել են: Ես կարծում եմ, որ այո, ինքս էլ պետք է գնամ:

 -Գաղտնիք չէ, որ Օլեգ Մկրտչյանի հետ ունեք լավ հարաբերություններ: Տարօրինակ է «Բանանցի» պահվածքը. ինչո՞ւ էս պահին:

– Օլեգ Մկրտչյանն իմ ընկերն է: Նա ձերբակալված է այժմ, մարդիկ օգտվում են առիթից: Չգիտեմ, նա այժմ զբաղվում է ֆինանսավորմամբ, թե ոչ:

 -Արթուր Սողոմոնյանը «Փյունիկը» վերցնելու համար գումար տվե՞լ է:

– 1 ցենտ, 1 լումա անգամ չի վճարել: Ավելին ասեմ՝ ասել է ավտոբուսի համար, դա էլ ենք նվիրել, դա մեր սեփականությունն է եղել: 1 տարուց ավելի մնացել են բազայում, ասել է, որ գնելու է, հետո փոշմանել է: 6 ամիս սպասել ենք, այս դեպքերից հետո ասացի, որ էլ անելիք չունեք այդտեղ:

Ես չեմ հեռանալու ֆուտբոլից, թիմ եմ պահելու:

 -Եթե Ձեր նշած՝ պայմանավորված խաղերի մեջ մեղադրվող անձինք չառաջադրվեն, Դուք կառաջադրվե՞ք ՀՖՖ նախագահի պաշտոնում:

-Ես ասեմ, թե ինչի համար կառաջադրվեմ. ոչ թե ուզում եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում լինել, ոչ, կարևոր չէ զուտ պաշտոնը: Կառաջադրվեմ միայն այն բանի համար, որպեսզի չգան եղածը քանդեն: Ինձ կարող են ամեն ինչի մեջ մեղադրել… այնպես չէ, որ ես ՀՖՖ լավագույն նախագահն եմ: Միայն կույրը կարող է չտեսնել, թե ինչքան բան եմ ես կառուցել: Չեմ թողնի այն մարդկանց ձեռքը, ովքեր կգան ու ֆուտբոլին վնաս կտան: Կարծում եմ՝ Վանեցյանը կարող է իմ արածի վրա էլ ավելացնել:

 -Նախագահի ընտրության ժողովը սեպտեմբերին է, իսկ այդ օրվան նախորդող 10 օրվա ընթացքում թեկնածուների առաջադրումն է:  Ծրագիր ներկայացնելու համար 10 օրը քիչ ժամանակ չէ՞:

-Ով թեկնածու է լինելու, հիմա էլ կարող է պատրաստվել: Մենք ՖԻՖԱ-ի կանոնադրությաը պետք է ամեն ինչ հստակեցնենք: Դա բարդ գործընթաց է, ես ցանկանում եմ արագացնել գործընթացը: Ես կառչած չեմ այս պաշտոնից, բայց թույլ չեմ տա, որ մարդիկ այս ամենը քանդեն:

 -Առաջադրվել-չառաջադրվելու հարցերն ինչպե՞ս է լինելու:

– Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներն իրեն ընտրեն:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: