Search
Close this search box.

Վարչապետի հանձնարարականով ուսումնասիրությունն կկատարվի 28 մետաղական հանքերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծվում է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի հանքարդյունաբերության ոլորտում եղած խնդիրները: Կառավարությունն ուզում է իմանալ, թե հանքարդյունաբերության ոլորտում ինչ իրողություններ ունենք: Այս մասին այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի ունեցած քննարկմանն ասաց տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Մինչ օրս բնապահպանական փորձաքննությունների համակարգը աշխատել է շատ լուրջ թերություններով: Սխալ կլինի հիմնվել այդ պաշտոնական տվյալների վրա՝ փորձաքննական եզրակացությունների վրա և ասել, որ այս կամ այն հանքավայրում իրավիճակն այսպիսին է: Հիմա այս աշխատանքային խմբի ֆունկցիան է լինելու պարզել, թե ինչ ունենք այսօր հանքարդյունաբերության ոլորտում, ինչ խնդիրներ կան»,- հայտնեց նա:

Տեսչական մարմնի ստուգումներն արդեն սկսվել են Ամուլսարում, իսկ աշխատանքային խումբը, հավանաբար, վաղվանից՝ վերջնական ձևավորումից հետո, կսկսի ուսումնասիրությունները:

Ըստ նրա՝ աշխատանքային խմբին ավելի մեծ լիազորություններ են տրված, քան բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին:

Վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրություններ է կատարելու 28 մետաղական հանքերում, իսկ առաջինը աշխատանքներ են իրականացվելու Ամուլսարում:

«Հենց խումբը ձևավորվեց, մենք 20 օրվա ընթացքում Ամուլսարում ուսումնասիրություններ կկատարենք, կվերջացնենք: Աշխատանքի ծավալը շատ մեծ է լինելու: Ամուլսարի պարագայում երկու հարց է. կա Ջերմուկ քաղաքի վրա ազդեցությունը, և ջրային ավազանի վրա ազդեցություն կա՞, թե՞ ոչ: Վերջում մենք կառավարությանը ներկայացնելու ենք հիմնավորված և փաստարկված եզրակացություններ»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Աշխատանքային խմբում ներգրավված են լինելու տվյալ համայնքների բնակիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ, հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ:

«Մենք կաշկանդված չենք այն հանգամանքով, որ խմբում ներգրավված մասնագետները լինեն բացարձակապես չեզոք մոտեցում ունեցող մարդիկ: Մեր խնդիրն է փաստահավաք գործունեություն իրականացնել: Եթե ոչ չեզոք մոտեցում ցուցաբերող մարդիկ կարող են գիտականորեն հիմնավորված փաստարկներ ներկայացնել այս կամ այն երևույթի վերաբերյալ, ապա այդ հարցը մեզ համար բարձր արժեք է ներկայացնում»,- ասաց նա:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ աշխատանքային խումբն ուսումնասիրելու է ինչպես շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվությունը, այնպես էլ նախկին կառավարության կողմից տրված փորձաքննական եզրակացությունը: