Search
Close this search box.

Արթուր Վանեցյանը՝ Տարոն Մարգարյանի, Վովա Գասպարյանի, Միքայել Հարությունյանի, Արա Վարդանյանի մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից առաջ անդրադառնալով Հայաստան համահայկական հիմանդրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալությանը նշել է. «Մոտ 130 մլն դրամ հանել ա ու խաղացել կազինոներում: Քննություն կանենք, պարզ կլինի՝ վերադարձվել է, թե ոչ: Ինքը հայտարարել է, որ վերադարձվել է»:  Ըստ նրա՝ միանշանակ, քրեորեն պատժելի է նաև այն, որ հիմնադրամի տնօրենն օգտվել է հիմնադրամի վարկային գծի գումարներից:

Վանեցյանն անդրադարձել է նաև Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին: Հարցին, եթե նրան պետք է մեղադրանք առաջադրվեր, ինչո՞ւ է ԱԱԾ-ն թույլ տվել, որ Հարությունյանը լքի Հայաստանը, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Նա  դուրս է եկել այն ժամանակ, երբ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր: ԱԱԾ-ն լիարժեք տիրապետում է ողջ իրավիճակին»:

Արթուր Վանեցյանը չմեկնաբանեց մամուլում տարածված լուրերը, ըստ որի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը երեկ հրավիրվել է ԱԱԾ ու մի քանի ժամ մնացել այնտեղ:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև Տարոն Մարգարյանի հետ կապված հայտնի տեսանյութի գործով: Վանեցյանն ասաց, որ քաղաքապետի տունը չի խուզարկվել, կատարվում է ուսումնասիրություն: «Մարգարյանը ՀՀ-ում է, իսկ թե որտեղ է գտնվում՝ չգիտեմ: Հարցաքննության չի հրավիրվել»: