Search
Close this search box.

Բաց նամակ Մանվել Գրիգորյանին՝ Տորոնտոյից

Տորոնտոյում ապրող մեր հայրենակից Խորեն Մարդոյանը, ով քառօրյա պատերազմի օրերին եկել էր Արցախ, բաց նամակով դիմել է Մանվել Գրիգորյանին.

Պարոն գեներալ հուսամ ժամանակ կունենաս բաց նամակս կարդալու:
Տեսնելով ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութը, կապված այն ամենի հետ, ինչ որ հայտնաբերվեց Ձեր տնից եւ պահեստներից՝ արդեն երկրորդ օրն է, որ չեմ կարողանում գիշերները քնել եւ ինքս ինձ գտնել:
Գիտեք, այդ ամենի մեջ, ինձ համար ամենադաժանանը եւ անընդունելին ոչ թե զենք եւ զինամթերքն էր, այլ այն պահածոները եւ նամակները, որոնք ուղղված էին ապրիլյան քառորյայի հերոսներին դպրոցականների կողմից, որոնք որ պարզվեց մինչեւ օրս գտնվում էին պահեստներում:
Պարոն գեներալ, ես գիտեմ, որ դուք ինքներդ ապրիլյան պատերազմի օրերին գտնվել էք առաջնագծում, եւ անձամբ էք շփվել մեր հերոս տղաների հետ, տեսել նրանց առնական հոգին եւ հայրենիքի հանդեպ ունեցած սերն ու նվիրումը:
Հիմա այս ամենից հետո, ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչպես եղավ, որ դու այդ ամենի ականատեսը լինելով, հանկարծակի այդ հերոս տղաների բաժին խտացրած կաթը եւ մնացած հիգիենիկ պարագաները հայտնվում են ձեր պահեստներում եւ ժամկետանց վիճակում ծառայում որպես արջերի եւ վագրերի կեր, ասեմ պատասխանը շատ պարզ է, որովհետեւ դուք չեք իմանում դրա արժեքը, թե ինչպես այդ օրերին հազարավոր մարդիկ տվեցին բանակին եւ զինվորին իրենց վերջի ունեցածը՝ չիմանալով, որ այն մսխվելու է եւ դառնա վագրերի կեր:

Պարզապես ձեզ հարց եմ ուզում տալ՝ ինչպես եք նայելու հիմա դրսում ապրող այն բոլոր ընկերներին, ովքեր որ չխնայեցին իրենց վերջին լուման եւ նվիրաբերեցին բանակին՝ հույս ունենալով, որ այդ ամենը գնալու է առաջնագիծ, ինչպես ես նայելու Ռուսաստանում եւ Եվրոպայում ապրող ձեր ընկերների երեսին եւ ինչ եք պատասխանելու դուք հիմա, պատկերացնում եք այդ մարդկանց զգացմունքները, թե ինչ հոգեկան վիճակում կարող են նրանք գտնվել, ախր, չէ որ նրանք այդ ամենը կտրեցին իրենց թոռնիկներից եւ զավակներից:
Կրկնում եմ պարոն գեներալ, երանի քառապատիկ ավել զենք եւ զինամթերք հայտնաբերվեր, քան տեսնեի այդ ուտելիքով եւ նամակներով արկղերը:

Փառք Աստծո, հազար փառք, որ այդ ժամանակահատվածում, մեր համայնքի կողմից ուղարկված հումանիտար օգնություններով կոնտեյներների պարագաները բաժանվեցին իմ եւ մեր համայնքի ներկայացուցիչների կողմից, ուղղակի հասցնելով այդ բոլորը Արցախի քաղաքներ եւ գյուղեր ,եւ այդ ամենի ապացույցը դրվել է իմ FB էջերում, օր առ օր եւ ժամ առ ժամ, թե ուր եմ այցելել եւ ինչ նպատակով, եւ գիտես ինչու, ասեմ, որովհետեւ ես անձամբ իմ ընկերների հետ միասին բարոյական պատասխանատվություն էի կրում այդ ամենի համար, որ մինչեւ վերջի արկղը հասնի իր հասցեատիրոջը, եւ ոչ միայն հումանիտար այլ նաեւ առաջնագծի համար նախատեսված պարագաները.

Դուք չէք կարող հասկանալ, ինչ է նշանակում մի ամբողջ տարի քրտնաջան աշխատել, աշխատավարձից կտրել եւ Արցախում ընտանիքներ պահել, դուք չեք կարող հասկանալ առավոտից մինչեւ երեկո մարդկանց խդրել հումանիտար օգնություն հավաքել եւ այդ ամենը կազմակերպել փոխադրել Արցախ, դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպես Տորոնտոյում բժշկական միության հետ առաջին բուժօգնություն հավաքագրել եւ տեղափողել Արցախ, Ձեզ համար պարզապես անհասկանալի կլինի, թե ինչպես կարելի է Ստեփանակերտից՝ երեկոյան ժամը 6 -ին, մեքենայով քշել դեպի Մարտակերտ, այցելել զինվորներին, այնուհետեւ գնալ դեպի Քելբաջար եւ կեսգիշերին գայլերի եվ շների ոռնոցի ներքո, զինվորական անձնակազմին քնապարկեր բաժանել եւ միայն ու միայն նրա համար, որ վստահ լինեի, որ ապրանքս հասավ հասցեատիրոջը, այս ամենը շատ խորթ կթվա Ձեզ ,որովհետեւ Ձեր գումարները հայտնաբերվում են պահեստերում՝ ամեն մի անկյունում, իսկ այստեղ մենք քրտնում ենք, մեր երեխաներից կտրում, որ մենք անձամբ հասցնենք մեր ապրանքները հասցեատերերին:

Իմ սկզբունքիս դեմ է եղել բարձրաձայնելու, որ ես այս բանը արեցի, կամ այն ինչ բանը արեցի Արցախի, կամ հայ զինվորի համար, միշտ լռել եմ, քանի որ քաջ գիտակցել եմ, ինչ էլ անեմ բավարար չէ այն ամենի դիմաց, ինչ այսօր անում հայ զինվորը, պահելով սահմանը եւ վտանգելով իր կյանքը, սակայն այս դրվագը պետք է նշեմ, որ
ծառայելով հայկական բանակում 1994-1996 թթ. Ավիացիոն ռազմաօդային ուժերում, անցյալ տարիների ընթացքում հիմնադրեցի ավիացիոն դասարան՝ պատանի երկրապահների համար, բոլոր անհրաժեշտ սարքավորումները ապահովելով, որպեսզի պատանիները դասերից հետո կարողանան լավ ժամանակ անցկացնել, քանի որ մտածում եմ, որ նրանք մեր ապագա զինվորներն են եւ եթե որոշել են ընտրել օդաչուի մասնագիտությունը, ապա պատանեկան հասակից պետք է սերմանես սերը դեպի ավիացիան:

Փառք Աստծո, դեռ այն ամենը, ինչ ուղարկել էի՝ ծառայում է իր նպատակին, հուսամ,  որ այդպես էլ կշարունակվի:
Մենք մեր կողմից, իբր սփյուռք, արել ենք ամեն բան, իսկ Ձեր վերաբերմունքը, տեսանք, սահման չուղարկված պահածոներ եւ զինվորին հասցեագրված նամակներ, որը չունի որեւէ արդարացում, թե ինչու էր հայտնվել պահեստներում:

ԽՈՐԱՊԵՍ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆՔ.

ՍԱԿԱՅՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ