Search
Close this search box.

Սա՞ է մեր «ազգային հերոսը». Ինչ ամոթ, ազգային հերոսի չափանիշի, կերպարի ինչպիսի անվանակրում. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եթե ճիշտ է, որ խուզարկությունը Մանվել Գրիգորյանի «օբյեկտներում» հայտնաբերել է նույնիսկ Գյումրիի անօթևաններին և բանակ՝ զինվորներին ուղարկվող օգնությունը, ապա Մանվել Գրիգորյանին կարելի է նաև «բաց թողնել»: Եթե այդ ամոթալի փաստը արդեն հաստատված է կամ հաստատվի, նշանակում է մեխանիկորեն կհաստատվի նաև Մանվելի մասին տարածված այն պատմությունը, որ նա ռազմի դաշտում վիրավոր զինվորներին իջեցնել էր տալիս մեքենայից՝ մեքենան իր գրաված նյութական բարիքներով բարձելու համար: Ազգային հերոս: Սա՞ է մեր «ազգային հերոսը»: Ինչ ամոթ, ազգային հերոսի չափանիշի, կերպարի ինչպիսի անվանակրում:
Եթե այդ ամոթալի, գերամոթալի, սովորական պարզ գրպանահատային գողության փաստը հաստատվի, ՀՀԿ-ի կողմից ստացված բոլոր մեդալակիր-շքանշանակիրները, «հայրենիքին մատուցած ծառայությունների համար» տարատեսակ պարգևատրություների արժանացածները սույն սովորական ավազակի հետ մի հարթությունում հայտնվելու պատճառով ընկնում են խիստ ծանր բարոյական վիճակի մեջ: Ազգային հերոս Մոնթե Մելքոնյան, ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, ազգային հերոս Մանվել Գրիգորյան: Նույնիսկ այս անունները կողք կողքի գրելն է ամոթ:
Համոզված եմ՝ Մանվել Գրիգորյանն ինքն իսկապես անմեղ է իր բարոյական սկզբունքների առաջ: Նա հո չգիտի, որ գրպանահատությունը, թալանը, կողոպուտը ամոթալի հանցանքներ են: Նա գիտի, որ հանցանքը դրանցում բռնվելն է: Եվ քանի դեռ չի բռնվել, կարող է շարունակել իր ավազակությունները: Եվ քանի դեռ չի «բռնվել», ինքը հերոս է: Հերոս թե մարդկանց առաջ, թե իր գողոնով չբռնվելու համար: Վկա՝ հենց վերջերս իր եղբորորդու հարսանիքին ներկա ողջ պատվավոր հյուրերի ցանկը՝ ՀՀԿ-ի ողջ ակտիվը: Հո չի՞ կարող մի ողջ քաղաքական կուսակցություն, որի երկաթյա ձեռքերում առնվազն 15 տարի գտնվում էր մեր երկրի կառավարումը, պատիվներ մատուցել սովորական գողին:

Եթե այդ ամոթալի փաստը արդեն հաստատված է կամ եթե հաստատվի, Ազգային ժողովում տարիներ շարունակ ծվարած և ՀՀԿ-ի պաշտպանության տակ ծաղկած այս գեներալը ՀՀԿ-ին լիովին վերադարձրած կլինի իր պաշտպանության բարոյական պարտքը՝ ՀՀԿ-ն իր բարոյական սկզբունքներին ու կերպարին հավասարեցրած լինելով:

Եվ վերջապես այս գեներալը կարող է իսկապես ազատ արձակվել՝ որպեսզի մարդկանց աշխարհում շարունակի ապրել, բայց արդեն իր էությանը համապատասխանող գողի ամոթալի խարանով: Որպեսզի ուր գնա՝ չպատվազրկվելու համար մարդիկ այդտեղից դուրս գան, որպեսզի իր ձեռքը ոչ ոք չսեղմի, որպեսզի երբ ինքը փողոցով անցնում է՝ մարդիկ անցնեն հակառակ մայթ և ամուր սեղմեն իրենց պայուսակները, որպեսզի Նոր տարուն իր տան դուռը շնորհավորանքի համար չբացվի, որպեսզի մարդիկ խուսափեն նրա ապրած տան հարևնությամբ բնակվել… Այսպիսին է գողերի ճակատագիրը, կամ, գոնե, այսպիսին պիտի լինի: Այսօրվա Հայաստանում առավել ևս՝ բանակողի: