Search
Close this search box.

«Հրապարակ». Մասիսի քաղաքապետն արհամարհում է դատախազի որոշումը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շարունակում է անվրդով իրացնել քաղաքապետի իր լիազորությունները, կատարում է իր աշխատանքային գործառույթները՝ աշխատանքի է գնում, հանրային միջոցառուների մասնակցում, խորհրդակցություններ անցկացնում, այդ մասին հաղորդագրություններն էլ զետեղվում են քաղաքապետի ֆեյսբուքյան էջում: Երեկ էլ նա այցելել է Մասիսի գեղարվեստի դպրոց, շրջել դպրոցում, ծանոթացել մասիսցի պատանի ստեղծագործողների աշխատանքներին: Մինչդեռ հունիսի 5-ին, ինչպես հայտնի է, դատախազը, օգտվելով իր իրավունքից, որոշումներ էր կայացրել ՀՀ քր. Դատ. օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Դավիթ Համբարձումյանի և քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին: Հիշյալ որոշումները ուղարկվել էին Մասիսի քաղաքապետարան և ՀՀ տարածքային կառավարման զարգացման նախարարություն՝ կատարման նպատակով:

Նշենք, որ Քր. Դատ. օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ: Նույն հոդվածի 3-րդ հոդվածը սահմանում է, որ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացվում է դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:

Թեեւ դատախազը պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնելու մասին որոշում չի կայացրել, սակայն Համբարձումյանը, փաստորեն, շարունակում է պաշտոնավարել: Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն դատախազը իր կայացրած որոշումը ի կատար ածելու համար գործառույթներ չունի: Օրեր առաջ էլ Դ. Համբարձումյանը, անդրադառնալով իր եւ քաղաքապետի տեղակալի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու դատախազի որոշմանը՝ հղում անելով մի շարք օրենքների եւ սահմանդրությանը՝ մասնավորապես նշել էր. «Ես՝ որպես Մասիսի քաղաքապետ ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չեմ կատարելու վերը նշված որոշումների պահանջները, մեր կողմից ինքնակամ եղանակով պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը կհանգեցնի ծանր հետևանքների համայնքի համար, ուստի և ես, և փոխքաղաքապետը պարտավոր ենք շարունակել մեր պարտականությունների կատարումը՝ օրենքով սահմանված կարգով: Պատրաստ ենք ժամանակավոր դադարեցնել մեր պաշտոնավարումը՝ տեղական ինքնակառավարման ոլորտում իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա կայացված որոշման առկայության դեպքում»:

Ի դեպ, Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից օրվա վերջում անհետացել էր նրա՝ գեղարվեստի դպրոց կատարած այցի մասին վկայող հաղորդագրությունը: Իսկ Մասիսի քաղաքապետարանի պաշտոնական կայքը երեկ խափանված էր՝ ողջ օրվա ընթացքում մուտք գործել չհաջողվեց»: