Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու գալիք ընտրություններին. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես հայտարարել է 2020թ. կայանալիք Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու մասին:

Բակո Սահակյանը նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

«Ինչպես գիտեք, 2017 թվականին մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով: Այդ ժամանակը նախատեսված է նաև օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: 2020 թվականին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին:

Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ»,- ասել է Բակո Սահակյանը:

Նա հավելել է, որ սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է արժեհամակարգից, ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից: «Եվ քանի որ տեղի են ունենալու նախագահի և Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես՝ որպես գործող նախագահ, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի և նախագահի, և խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»,- հայտարարել է Արցախի նախագահը: