Search
Close this search box.

Լոս Անջելեսի հայ համայնքը կոչ-նամակը. պահանջում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

Հայկական ֆուտբոլի հարգելի ընկերներ և նվիրյալներ, հանուն Հայկական ֆուտբոլի ապագայի կոչ ենք անում Ձեզ միանալ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկա նախագահ Ռուբեն Հայրապետյանի անհապաղ և առանց պայմանների հրաժարական տալու սույն պահանջին, որպես հիմք ընդունելով նրա պաշտոնավարման 16 տարիների ընթացքում հայկական ֆուտբոլում տեղ գտած անթիվ-անհամար թերությունները, բացթողումները, չարաշահումները, և հայրենի ֆուտբոլին հասցված անժխտելի վնասները։ Ահա այն գործոնները, որոնք ի թիվս այլոց, հիմք են հանդիսացել մեր այս քայլին․

1․ Արդյունավետության բացակայությունը

Հայրապետյանի օրոք հայկական ֆուտբոլը, թե՛ ակումբային, թե՛ ազգային հավաքականների մակարդակով, չի կարողացել հաղթահարել եվրոպական կամ միջազգային լուրջ մրցաշարերի մասնակցելու որակավորման արգելքները, չնայած հսկայական ներուժին, ֆուտբոլի ժողովրդականությանը, մարզաձևի նկատմամբ աճող հետաքրքրությանը և, վերջապես, Սփյուռքի առկայությանն ու ձեռք մեկնելու պատրաստակամությանը։

2․ Առաջընթացի բացակայությունը

Հայկական ֆուտբոլը չի կարողացել իրականացնել իր ներուժի հնարավորությունները, թեպետ ընդամենը 6-8 տարի առաջ փորձագետները համոզված էին, որ հասունացման ճանապարհին է Հայաստանի վերջին տասնամյակների ամենատաղանդավոր սերունդը, ներառյալ` Հենրիխ Մխիթարյանի, որն իր տաղանդի, աշխատասիրության և բարձր ինտելեկտի շնորհիվ կարողացավ ճեղքել ամեն տեսակի արգելք և հասնել անհատական բարձրունքների՝ դառնալով միջազգային գերաստղ, սակայն, ավաղ, Հայատանից դուրս, հեռու՝ հայրապետյանական ազդեցության գոտուց։

3․ Պատվի և պատվախնդրության իսպառ բացակայությունը

Հայրապետյանը խոստացել էր հրաժարական տալ, եթե Հայաստանի հավաքականը ձախողի 2018թ․աշխարհի առաջնության նախընտրական փուլը, սակայն հետագայում դրժեց խոսքն ու ոչ միայն հրաժարվեց հրաժարական տալուց, երբ հավաքականն արդեն դուրս էր մնացել պայքարից, այլև բացահայտորեն ժխտեց, որ այդպիսի խոստում է տվել, ապացուցելով, որ իր համար խոստանալը և ստելը ընդունելի և կիրառելի են։ Սա անհարիր է Հայ Մարդուն, հատկապես, երբ նա ներկայացնում է Հայ Ազգը միջազգային հարթակներում։

4․ Անկման առկայությունը

Հֆֆ նախագահի պաշտոնավարման 16 տարիների ընթացքում Հայկական ակումբային ֆուտբոլն անկում ապրեց մրցունակության տեսանկյունից ու որակական և քանակական առումով հանգրվանեց Եվրոպական ֆուտբոլի ամենացածր աստիճաններին։ Այդ է վկայում երկրի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում ըմդամենը 5 ակումբի առկայությունը և մարզադաշտերի հաճախելիության ցածր մակարդակը։

5․ Կոռուպցիոն կապը

Կա հստակ ձևավորված հանրային կարծիք ՀՖՖ նախագահի մասին՝ որպես կոռումպացված պաշտոնյա, որը տարիներ շարունակ չարաշահել է իր դիրքը՝ լինելով (դեռ մինչև վերջերս) իշխող Հանրապետական կուսակցության անդամ և խորհրդարանի նախկին պատգամավոր: Այս կարծիքը հիմնված է բացմաթիվ հրապարակումների, համացանցային նյութերի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող ներկա և նախկին հայ ֆուտբոլիստների և պաշտոնյանների վկայությունների վրա: Զարմանալի չէ, որ Հայրապետյանի անունը դեռ 2013թ․ ներառված է եղել Հայաստանի ամենահարուստ մարդկանց առաջին տասնյակում՝ ի շարս այլ օլիգարխների և քաղաքական գործիչների:

6. Քրեական կապը

Հայրապետյանի թիկնապահների կողմից քաղաքացիների նկատմամբ ահաբեկման, ծեծի և նունիսկ սպանության մեջ ներգրավվածության մասին վկայությունները, հոդվածներն ու տեսանյութերը բազմաթիվ են և տարաբնույթ։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Հայրապետյանը անտեսում է հասարակական կարծիքն ու օրենքի գերակայությունը՝ իրեն բացահայտորեն օրենքից վեր դասելով։ Տարիների ընթացքում մութ պայմաններում փակված կամ սառեցված դատական գործերից բացի, Հայրապետյանի անվան հետ ներկայումս առնչվում կամ նախապատրաստվում են նոր դատական գործընթացներ։

7․ Սուբօպտիմալ զարգացման տեմպերը

Իր՝ որպես ՀՖՖ նախագահ ղեկավարման 16 տարիների ընթացքում, Հայրապետյանը անբավարար ուշադրություն է դարձրել մայրաքաղաքից դուրս ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացմանը, խախտելով ռեսուրսների հավասարաչափ բաշխումն ու օգտագործումը մարզերում։ Փոխարենը՝ Հայրապետյանը շահարկել և գովազդել է այն նվազագույնը, որը այսպես թե այնպես ստիպված էր ներկայացնել միջազգային կառույցներին և ներդրողներին: Բնավ զարմանալի չէ, որ այսօր Հայաստանի բարձրագույն խմբում դեռևս մնացած 5 ակումբներից 4-ը ունեն Երևանյան գրանցում և միայն 1-ն է ներկայացնում Հայաստանի 11 մարզերը (տեղին է հիշել, որ տառացիորեն մի քանի օր առաջ մարզային ֆուտբոլի և ընդհանրապես հայկական ֆուտբոլի կարկառուն առաջատարներից Գյումրու Շիրակը նույնպես որոշեց դադարեցնել իր մասնակցությունը Հայաստանի առաջնությանը; զարմանալի չի լինի, եթե առաջիկայում այլ ակումբներ ևս նման որոշում կայացնեն)։

8․ Հասարակական տեսլականի բացակայությունը

Իր ղեկավարած 16 տարիների ընթացքում Հայրապետյանը չկարողացավ ստեղծել, ժողովրդի հետ կիսել և շոշափելի դարձնել այն ապագայի տեսլականը, որը ի մի կբերեր ոչ միայն առկա ֆուտբոլասերներին, այլև կներգրավեր նոր, ֆուտբոլամետ, բազմաբովանդակ ուժեր և ռեսուրսներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Համազգային, հասարակական տեսլական հանձն առնելու փոխարեն Հայրապետյանը նախընտրեց իր անձնական նեղ տեսլականը որպես հասարակական ներկայացնելու ուղին, հաստատելով մենիշխանության ոլորտ, աշխարհագրական ազդեցության գոտի և մասնավոր հարստություն՝ նախքան մարզերում ֆուտբոլային դաշտերի և հարակից օբյեկտների կառուցման համար (արդեն ստիպված) միջոցներ ուղղորդելը։

9․ Հասարակական գործունեության բացակայությունը

Որպես հանրային պաշտոնյա՝ Հայրապետյանն այդպես էլ չհասկացավ, որ աշխարհում ամենատարածված և ամենաարագ աճի տեմպերն ունեցող մարզաձևում Հայաստանի և Սփյուքի հանրությանը չներգրավելով նա 16 տարի շարունակ չեզոքացրեց այն, ինչը կարող էր այսօր հանդիսանալ զարգացող Հայատանի և Արցախի տնտեսական և քաղաքական անվտանգության անկյունաքարերից մեկը (նման օրինակներ են Հոլանդիան և Կատալոնիան, երկու ֆուտբոլային գերհսկաներ, որոնց համաշխարհային համբավը և ֆուտբոլային տնտեսական շրջանառությունը — ներառյալ՝ ֆուտբոլիստներ, մարզիչներ, մրցավարներ, ֆուտբոլային տեխնոլոգներ և առհասարակ ֆուտբոլին առնչվող և հարակից բազմապիսի ծառայություններ ու ապրանքատեսակներ — կտրում-անցնում է ֆուտբոլի սահմաններն ու կայունացնող դեր ստանձնում Հոլանդիայի և Կատալոնիայի համար ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական տեսանկյունից (իրոք, կարելի է պնդել, որ տարիների ընթացքում հենց ֆուտբոլի և Բարսելոնա ակումբի համաշխարհային ժողովրդականության շնորհիվ է, որ Կատալոնիան ավելի ճանաչելի և քաղաքականապես ավելի անկախ է դարձել): Մենք թողնում ենք հասարակության երևակայությանը, թե այս ոլորտում ինչերի՞ կարող է հասնել ՀՖՖ-ի նոր, նվիրված և ստեղծագործ նախագահը՝ հետ-հայրապետյանական շրջանում։

10․ Անհամատեղելիությունն այսօրվա իրականության հետ

Հրապարակային ելույթների և շփումների ժամանակ Հայրապետյանի ահաբեկիչ և ամբարտավան պահվածքը, հատկապես, երբ կասկածի տակ է դրվում նրա հեղինակությունը, ինչպես նաև նրա մութ անցյալն ու ներկան ՀՖՖ գործող նախագահի անձի ընկալումը ժողովրդի լայն շրջանակներում դարձրել են ծայր աստիճան բացասական, որը լիովին անհամատեղելի է այսօրվա Նոր Հայաստանի իրականության հետ, մի Հայաստանի, ուր Հայաստանի քաղաքացին ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում երկրում խաղաղ ճանապարհով և ազատ կամքի դրսևորմամբ կարողացավ հասնել իշխանափոխության:

11․ Փոփոխության անհրաժեշտությունն ու հրատապությունը

Հայրապետյանը 2002 թ․ ի վեր (16 տարի շարունակ) եղել է ՀՖՖ նախագահ։ Դա բավական երկար ժամանակ է ֆուտբոլիստների մեկից ավելի սերունդների երազանքները ի չիք դարձնելու համար: Սակայն երբեք ուշ չէ փոփոխության համար։ Չէ՞ որ լճացումը առաջընթացի թշնամին է: Եկել է Հայրապետյանի աթոռից իր հոժար կամքով հրաժարվելու ժամանակը, այնպես, ինչպես եղավ այն համակարգի հետ, որի մի մասնիկն է եղել նա մինչ այժմ:

Այս կոչ-նամակը կազմելիս հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահը ամեն գնով փորձում է կառչած մնալ իր աթոռին։ Ըստ երևույթին, Ռուբեն Հայրապետյանը կարծում է, թե ինքն անփոխարինելի է, ինչը հաստատեց իր վերջին հարցազրույցներից մեկում։ Նա այնքան ամբարտավան է, որ չի հասկանում, թե ինչպես են իշխանությունը երկարաձգելու իր ճիգերն ավելի ու ավելի մեկուսացնում իրեն։ Վերջերս նա կրկին դիմել է իր ապավինած «հարձակում նախքան հարձակման ենթարկվելը» մարտավարությանը։ Բավական է հիշել իր կողմից Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մի խումբ խաղացողներին հասցեագրված դավաճանության մեղադրանքները, ինչպես նաև այս տարվա «դե-ֆակտո» չեմպիոն Գյումրու «Շիրակ» ակումբին ուղղված վերջին մեղադրանքներն ու այն խիստ անհամաչափ տուգանքի որոշումն ու կիրառումը, որի արդյունքում հաղթող թիմը 12 միավոր կորցնելով հայտնվեց 4-րդ հորիզոնականում, զրկվեց առաջնության հաղթողի տիտղոսից, Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից, դառնալով Հայրապետյանի հրապարակային հարձակման և նվաստացման թիրախ՝ նախքան դատական գործընթացների ավարտը (անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում): Սրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ ուրիշներին մեղադրելով ժամանակ շահելու հուսահատ փորձեր՝ իր իսկ կողմից ստեղծված անելանելի դրությունից դուրս պրծնելու հույսով։

Խոսվում է նաև այն մասին, որ մոտ ապագայում Հայրապետյանը ընտրություններ բեմադրելու միջոցով կփորձի երկարաձգել իր մանդատը: Նա արդեն իսկ հայտարել է, որ ենթարկվում է միմիայն ՈւԵՖԱ-ի (ազգային ֆուտբոլային կազմակերպությունների եվրոպական կառույցի) կանոններին, և ոչ մի դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքներին: Ասել է, թէ՝ Հայրապետյանն իրեն Հայաստանում համարում է «Աստված» և պնդում է, թե ՀՀ գործադիր, օրենսդիր, և դատական մարմիններն իրավասու չեն ՀՖՖ-ին վերահսկել: Ավելին, Հայրապետյանը հայտարարում է, որ Հայաստանը խստորեն կպատժվի, եթե որևէ մեկը փորձի դիպչել «արդարության ջատագով» Ռուբեն Հայրապետյանին: Ինչպիսի՞ պարզամիտ ջայլամային մոտեցում և մի ամբողջ ժողովրդի գիտակցության մակարդակի և համբերության սահմանների ինչպիսի՞ թերագնահատում։ Հայ Ազգը անշուշտ կարող է թոթափել մեկ կոռումպացված պաշտոնյայի լուծը, հատկապես, երբ վերջինս իրեն վեր է դասում ՀՀ օրենքից և իր փրկությունը փնտրում է դրսում: Հանրության դատին թողնենք այս անձին ինչ կոչել:

Հայկական ֆուտբոլի հարգելի ընկերներ, կոչ ենք անում ձեզ միանալ այս արդար պայքարին՝ հանուն Հայկական ֆուտբոլի և մեր երկրի արժանապատիվ ապագայի:

Պահանջատերեր՝
Լոս Անջելեսում գործող հայկական մարզական կազմակերպություններ՝

Armenian Educational Research Group (ArmERG), Լոս Անջելես,ԱՄՆ- Արամ Մկրտչյան, նախագահ

USARMS մարզական ակումբ, Լոս Անջելես, ԱՄՆ- Գրիգոր Մարգարյան, նախագահ

Sporting So-Cal Ֆուտբոլային ակադեմիա, Լոս Անջելես, ԱՄՆ- Ջոն Ակոպյան, նախագահ

ArmUnited ֆուտբոլային ակումբ, Լոս Անջելես, ԱՄՆ- Ալեքսանդր Կոսեմյան, նախագահ

Վերոհիշյալ կազմակերպությունների մարզչական և ադմինիստրատիվ անձնակազմեր

Հայկական ֆուտբոլի պահանջատեր նվիրյալներ և հայկական ֆուտբոլի պայծառ ապագային հավատացող անհատներ