Պտուղ-բանջարեղենի արտահանմանը ներկայացվող պահանջների պահպանման դեպքում հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով

Նկատի ունենալով, որ սկսվել է գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնը և ուժեղացվել է վերահսկողությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է բոլոր արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ-անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

  • ծագման երկիրը,
  • ապրանքի անվանումը,
  • արտադրողի անունը և հասցեն (իրավաբանական և գործունեության),
  • արտահանողի անունը և հասցեն,
  • ստացողի անունը և հասցեն,
  • պահման ժամկետը, ջերմաստիճանը:

Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից (ԵԱՏՀ խորհրդի 2016թ. 158 որոշմամբ հաստատված ցանկ): Նշված պահանջների պահպանման դեպքում Ծառայությունը արտահանման հավաստագրումը կատարում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում:

Հետաքրքրող այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարներով՝ (012)90-60-90 և (010)-20-60-40 կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], կամ այցելել Ծառայության սպասարկման կենտրոն: