Search
Close this search box.

Հայ փրկարարները կվերապատրաստվեն Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում

Մայիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Է. Ապրիամովն ընդունել է Փրկարար ծառայության 9 սպաների, որոնք մոտ օրերս կգործուղվեն ՌԴ Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներ՝ վերապատրաստման դասընթացների մասնակցելու նպատակով:

Փոխնախարարը, հաջողություն մաղթելով հայ փրկարարներին ուսուման հարցում, մեծապես կարևորել է ՌԴ բարձրակարգ ԲՈՒՀ-երում կրթություն ստանալու հնարավորությունը՝ նշելով, որ վերապատրաստված սպաները հետագայում իրենք կարող են արդեն հայրենիքում կրթել և վերապատրաստել այլ սպաներ:

Դասընթացները կլինեն «Արտակարգ իրավիճակներում հակաճգնաժամային կառավարում, կանխատեսումների և մոնիթորինգի կազմակերպում. տիեզերական մոնիթորինգ» և «Ականա-որոնողական օբյեկտային ծառայության կինոլոգ-հրահանգիչների պատրաստում» թեմաներով, որոնք կանցկացվեն համապատասխանաբար՝ Մոսկվայի ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում և Սանկտ-Պետերբուրգի պետական հակահրդեհային ծառայության համալսարանում: Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում տասնօրյա վերապատրաստման դասընթաց կանցնի 5 փրկարար, իսկ Հակահրդեհային ծառայության համալսարանում եռամսյա դասընթացների կմասնակցի 4 կինոլոգ-հրահանգիչ:

Դասընթացները կազմակերպվում են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի և ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության շրջանակում՝ համաձայն մարդասիրական կենտրոնի 2018 թ. ուսումնական պլանի: