Search
Close this search box.

Հայաստանից արտագաղթի հազարամյա անիվը պետք է կանգ առնի և հետ պտտվի. Նիկոլ Փաշինյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է լուրջ ազդակներ ստանալ՝ ինչ պրոցեսներ են տեղի ունենում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս Սփյուռքում և ինչ լուծումներ կարող են լինել, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ համազգային համախմբման նոր ազդակ են ստացել և ամեն ինչ կանեն՝ այն կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար:

«Կառավարության առաջնահերթությունները ներկայացրել ենք և, կարևորագույնը, ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է և մշտական բնույթ հաղորդելը», – նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգդծեց, որ Հայաստանում խնդիրները խորացել են, երբ ժողովուրդն ընտրությունների արդյունքներին չի հավատացել և խաբված է զգացել իրեն։

«Հիմա իրենց խնդիրն է, որ այսուհետ ընտրությունները հայ ժողովրդի համար վերածվեն հաղթանակի: Հայաստանից արտագաղթի հազարամյա անիվը պետք է կանգ առնի և հետ պտտվի, և Հայաստանում կենտրոնանալու գործընթաց սկսի», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հիմնական խնդիրներից է նաև Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը, բնականոն զարգացումն ապահովելը:

«Դրա համար ամենակարևոր անկյունաքարերը դրվել են», – եզրափակեց խոսքը ՀՀ վարչապետը։