Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միհրան Պողոսյանը՝ իր օգնականի ձերբակալման մասին

«Ցավում եմ, որ շատ մարդկանց շրջանում, ովքեր վերջին ժամանակները ձերբակալվել կամ հրավիրվել են համապատասխան մարմիններ, հայտնվել է նաև իմ օգնականը»,- անդրադառնալով իր օգնականի ձերբակալմանը նշել է ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ ընդգծելով, որ համապատասխան մարմիններից ակնկալում է անաչառություն։

Հարցին, թե արդյոք առանց իր իմացության իր օգնականը կարո՞ղ էր նման բան անել, Միհրան Պողոսյանը նշել է՝ ճանաչելով իր օգնականին, հույս ունի, որ նա այնտեղ չի գտնվել և տեղի ունեցածը թյուրիմացություն է։

Հարցին՝ դուք երաշխավորում եք, որ ձեր օգնականը՝ Անդրանիկ Իսոյանը, չի արել այն, ինչում կասկածվում է, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ես երաշխավոր կարող եմ լինել միայն իմ համար։ Ես հորդորում եմ համապատասխան մարմիններին, որ իրենք անաչառ լինեն, որոշակի վենդետաներ և քայլեր, որոնք հիմնավորված չեն լինելու ու հետագայում պարզվելու են, որ դրանք հիմք չեն ունեցել, չանել։ Ի վերջո, ամեն ինչ պարզվելու է, ու մենք համապատասխան հիմքեր ենք ներկայացնելու, թե որտեղ է եղել այդ երիտասարդը։ Ես ոչ մի կասկած թույլ չեմ տալիս արտահայտելու և հրապարակային որևէ հայտարարություն անելու։ Հորդորում եմ բոլորիս սպասել 1-2 օր, և մենք կունենանք ավելի ինֆորմացիա ու կհասկանանք, թե ինչ է կատարվել»:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Երևանի Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով մեկ անձ ձերբակալվել է: Ըստ մամուլի՝ այդ անձը Միհրան Պողոսյանի օգնականն է: Պատգամավորը ևս այդ տեղեկությունը հաստատեց: