Search
Close this search box.

Հուսով ենք, որ քայլ կանենք եւ կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը. Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը»՝ Նիկոլ Փաշինյանին

Քաղբանտարկյալների, այդ թվում՝ Սասնա Ծռերի, բանտում մնալը հեղափոխության եւ մեր երկրի համար հղի է ծանր հետեւանքներով: Այդ մասին գրել են Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը «Արմավիր» ՔԿՀ-ից, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած նամակում։

«Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը:

Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքի գերակայությանը:

Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք եւ պարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում եւ դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու եւ դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար:

Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը եւ քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների եւ դատավորների հոգեւոր ու բարոյական վերափոխման հրաշքին:

Դրա հետեւանքով առաջացած տարակուսելի անորոշությունն է պատճառը, որ Հիմնադիր Խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ալգորթիմը: Առավել եւս նրա պահանջը ոչ միայն արդարացի է, այլեւ նպաստում է հեղափոխությանը եւ օգնում է հեղափոխական կառավարությանը, Նոր Հայաստանը մեկընդմիշտ ձերբազատելով քաղբանտարկյալների առկայության անպատվաբեր խարանից:

Մեկ ամսվա հացադուլն, ի դեպ, մարդու օրգանիզմի համար կրիտիկական սահմանին մոտ վիճակ է առաջացնում:

Հուսով ենք, որ քայլ կանենք եւ կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը»,- ասվում է նամակում: