Search
Close this search box.

ՀՀ-ում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի աշխատակիցներ չկան. ԱԱԾ պետ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հերքում է Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետաքննիչների՝ Հայաստան ժամանման մասին լուրը:

«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի հետաքննիչներ չկան»,- ասաց Վանեցյանը:

Հայկական որոշ լրատվամիջոցներ օրերս տեղեկություն էին տարածել այն մասին, թե Հայաստան են ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ. «Խմբի անդամները Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով այդ հրապարակումներին, ասել է. «Մեր քաղաքականությունից ելնելով՝ մենք իրավասու չենք հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ»:

Գործակալությունը խնդրի մասին փորձել էր տեղեկություններ ճշտել նաև ՀՀ գլխավոր դատախազությունից: «Նշված նպատակով նման խմբի այցելության մասին տեղեկատվություն ՀՀ դատախազությունը չունի»,- հայտնել էին դատախազությունից։