Search
Close this search box.

«Ժողովուրդ». Հակահեղափոխություն` Գյումրվա տրնգիով. բալասանյանականները ծրագիր ունեն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագանու իր թիմակիցների հետ որոշել է «անվստահություն» անունով տրագիկոմեդիա բեմադրել: Գյումրիի ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամներից տասը հոգի հանդես են եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու առաջարկությամբ: Ընդ որում, նման նախաձեռնությամբ հանդես են եկել ավագանիում Սամվել Բալասանյանի ամենամերձավոր անդամները, որոնք քաղաքապետի հետ կապված են նաև բիզնես գործունեությամբ: Բայց նրանք ոչ թե քաղաքապետի դեմ են դուրս եկել` փորձելով պաշտոնանկ անել նրան, այլ ընդհակառակը՝ ցանկություն ունեն ամրապնդելու Բալասանյանի դիրքերը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` բալասանյանականների հաշվարկը հետևյալն է. կսկսեն քաղաքապետին անվստահություն հայտնելու և նոր թեկնածու առաջադրելու գործընթաց, որը, սակայն, հենց իրենք էլ կձախողեն: Իսկ ՏԻՄ մասին օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` համայնքի ավագանին քաղաքապետին պաշտոնանկ անելու առաջարկը քննարկում է ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:

Այսինքն՝ պաշտոնանկության գործընթաց սկսելով ու այն ձախողելով` ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամները զրկում են ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներին, նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը առաջիկա մեկ տարվա ընթացքում Սամվել Բալասանյանի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հնարավորությունից:

Պատահական չէ, որ նրանք այս նախաձեռնությունը սկսեցին այն բանից հետո, երբ ընդդիմադիր խմբակցության անդամները հայտարարեցին Բալասանյանին պաշտոնանկ անելու մտադրության մասին:

Համաձայնեք` իսկական տրագիկոմեդիան այլ կերպ չի լինում: Միայն թե այս ներկայացման հեղինակները հաշվի չեն առել մեկ այլ հանգամանք. քաղաքապետին կարելի է պաշտոնանկ անել նաև նրա դեմ քրեական գործ բացելուց հետո. իսկ չարաշահումներ ու կոռուպցիոն դրսևորումներ հայտնաբերելը դժվար չէ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: