Search
Close this search box.

Գրքի շնորհանդես Փարիզում և այցելություն հերոսի ընտանիքին

Ֆրանսիական Bonheur Retrouvé բարեգործական ասոցացիայի հերթական մշակութային ծրագիրը բացառիկ էր իր բովանդակային իմաստով: Ասոցացիայի անմիջական նախաձեռնությամբ Փարիզում գործող հայկական մշակույթի տանը ֆրանսիաբնակ հայերին ներկայացվեց լրագրող, իրավաբան, հեռուստահաղորդավար Արեգ Գրիգի «Սղագրեր» գիրքը:

Փարիզից հրավերն ստանալուն պես երիտասարդ, շնորհաշատ բանաստեղծ Արեգ Գրիգը պատրաստակամություն հայտնեց իր անդրանիկ ժողովածուն հասցնել Ֆրանսիա: Գրքի շնորհանդեսը վերածվեց իսկական պոեզիայի երեկոյի, սղագրեր, որում հորդում է սերն ու ապաշխարությունը, հոգևոր և աշխարհիկ օրենքների բախումն ամենաթողության դեմ: Bonheur Retrouvé ասոցացիան Արեգ Գրիգի բանաստեղծությունների «Սղագրեր» ժողովածուն ճանաչեց որպես «Տարվա լավագույն գիրք»` շնորհելով ոսկե հուշամեդալ և վկայական:

 

Արեգը անկեղծորեն խոստովանում է, որ գիրքը գրելիս ոգեշնչվել է Նարեկացու գրերից, իսկ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ծնունդ է առել նրա առաջին երաժշտական ստեղծագործությունը` «Զինվորին» վերնագրով, որով էլ եզրափակվում է Արեգ Գրիգի առաջին ժողովածուն: Ի դեպ Bonheur Retrouvé բարեգործական ասոցացիան պատեհ առիթներին իր խոնարհումն ու շնորհակալությունն է փոխանցել ապրիլյան  քառօրյայում զոհեր ունեցած ընտանիքներին:

 

Մշակութային բարեգործական այս ծրագրի շրջանակներում ընտրվեց Արայիկ Օրդուբեկյանի ընտանիքը: Գրքի Փարիզյան շնորհանդեսից հետո Օրդուբեկյաններին  այցելեցին բանաստեղծ Արեգ Գրիգը և Bonheur Retrouvé ասոցացիայի հայաստանյան ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանը`իրենց երախտիքի խոսքը փոխանցելու հերոս ծնած ընտանիքին, ինչպես նաև նրանց հանձնելու Փարիզում գրքի շնորհանդես վաճառքից գոյացած հասույթը:
Հատկանշական է , որ երիտասարդ բանաստեղծը կրկին հրավեր ունի Ֆրանսիա: Այս անգամ Արեգ Գրիգը պատրաստվում է իր նոր, հերթական ժողովածուն ներկայացնել ֆրանսիահայերին: Հրավերը դարձյալ Bonheur Retrouvé ասոցացիայի կողմից է: Ի դեպ  Արեգ Գրիգի Երևան Փարիզ և հակառակ ուղղությամբ այցի ավիատոմսը  ապահովել էր Արմենիա-Թրավել ընկերության տնօրեն Հայկ Գրիգորյանը: